Ֆրանսիացի սենատոր Ժան Նոել Գերինի. Հայաստանը հերթական անգամ դարձավ հարեւանների ցինիզմի զոհը

Հայաստանը հերթական անգամ դարձավ հարեւանների ցինիզմի զոհը: Այս մասին հայտարարել է Ժան Նոել Գերինին (Ազգային եւ սոցիալական միավորում խումբ) Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկման ժամանակ:

Սենատորը ափսոսանք է հայտնել, որ ագրեսիան ուղեկցվել է Ֆրանսիայի կառավարության չեզոքությամբ: Նույնիսկ արվել են հայտարարություններ, թե ինչու պետք է ճանաչել Ղարաբաղը, եթե հրադադարի շուրջ համաձայնագիր է կնքվել: «Բացի ելույթներից, պետք են գործողություններ: Կան երեխաներ, կանայք, տարեցներ, որոնք օգնության կարիք ունեն»,-կոչ է արել սենատորը:

Նրա խոսքով՝ ժամանակն է Անկարային տեղը դնել: «Օգնել մարդկանց, որոնք տուժել են հակամարտության հետեւանքով, որը մենք չկարողացանք կանխել: Թուրքիայի դիրքորոշումը եւ Ալիեւի հայտարարություններն անընդունելի են: Պետք է ԱԳՆ կանչել Ադրբեջանի դեսպանին»,-նշել է սենատորը՝ հավելելով, որ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը՝ Ֆրանսիան կարող է հետ բերել կորցրած արժանապատվությունը: Խումբը քվեարկել է Ղարաբաղի ճանաչման օգտին:

Նրանից հետո ելույթ է ունեցել Կոմունիստական կուսակցության ղեկավար Էլիան Ասազին, ով նշել է. «Էրդողանն այսօր հայտարարում է, որ մտադիր է ավարտին հասցնել մեկ դար առաջ սկսած «գործը»: Նա չի թաքցնում իր ցեղասպան մտադրությունները: Հայաստանը խանգարում է իր պանթյուրքական ձգտումներին: Մենք պետք է համերաշխություն հայտնենք Հայաստանին»: Ասազին հավելել է, որ ճանաչման մասին բանաձեւը ցույց է տալիս, որ միայն քաղաքական լուծումը կարող է ապահովել խաղաղությունը: