Ֆրանսիական «France24» լրատվական հեռուստաալիքը ցուցադրել է մի շարք վիդեո նյութեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների ներկայությունը Արցախում:
Նյութերի մի մասը նկարահանվել է Սիրիայի ահաբեկիչների ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում:
Հոդվածի սկզբում հաղորդվում է, որ Արցախյան պատերազմի համար սիրիացի վարձկան ահաբեկիչները Թուրքիայի տարածքով են առաքվում Ադրբեջան, սակայն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան մերժում են ահաբեկիչների ներկայությունը ադրբեջանական բանակի շարքերում:
Առաջին տեսանյութը ցույց է տալիս Սիրիայի ճամբարը, որտեղ ահաբեկիչները զորավարժություններ են անցկացնում մինչ Ադրբեջան մեկնելը: Հետևյալ կադրերն արդեն նկարահանվել են Ադրբեջանի տարածքում և հիմնականում այն ահաբեկիչների կողմից, ովքեր դրանք տեղադրել են սոցիալական ցանցերում: