2020 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Միացյալ Նահանգների 11 նահանգներ և շատ քաղաքներ ճանաչեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախությունը, ներառյալ Միացյալ Նահանգների ամենամեծ նահանգը՝ Կալիֆոռնիան և Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքներից մեկը՝ Լոս Անջելեսը, ընդունելով համապատասխան բանաձևեր ի աջակցություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Արցախի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը:
Պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողությունները թույլ են տվել հասնել որոշակի դրական տեղաշարժի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:
Թվարկենք ԱՄՆ նահանգներն ու քաղաքները, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը
- 17 մայիսի, 2012 թ.՝ ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 6 օգոստոսի, 2012 թ.՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 25 հոկտեմբերի, 2012 թ.՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև,
- 10 ապրիլի, 2013 թ.՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 30 մայիսի, 2013 թ.՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև,
- 8 մայիսի և 27 օգոստոսի, 2014 թ.՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև,
- 3 մարտի, 2016 թ.` ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 29 մարտի, 2016 թ.` ամերիկյան Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 28 սեպտեմբերի 2017 թ՝ ամերիկյան Միչիգան նահանգի Սենատի բանաձև։
- 24 ապրիլի 2019 թ՝ ամերիկյան Մինեսոտ նահանգի Սենատի բանաձև;
- 25 ապրիլի 2019 թ՝ ամերիկյան Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձեւ:
Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից.
- 23 ապրիլի, 2013 թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆորնիա),
- 10 սեպտեմբերի, 2013 թ.՝ Լոս-Անջելոս (ԱՄՆ, Կալիֆորնիա),
- 5 նոյեմբերի, 2013 թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա),
- 20 ապրիլի, 2016 թ.` Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)։
1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:
Արցախի միջազգային ճանաչումը, լրացուցիչ խթան հանդիսանալով արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության կարգավորման վրա:
Այսօր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ձգձգումը միայն ավելացնում է ադրբեջանական կողմի՝ հարցը պատերազմական ճանապարհով լուծելու գայթակղությունը, որի ապացույցն էր նաև 2016 թ. ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան:
Իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից և Թուրքիայի անմիջական աջակցությամբ սկսված պատերազմը հաստատում է երկու ցեղասպան պետությունների` Թուրքիայի Հանրապետության և նրա ենթակա` Ադրբեջանի Հանրապետության հանցավոր նախագծերը:
Պատերազմը շարունակվում է ավելի քան 3 շաբաթ,
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կհանդիսանա ադրբեջանական և թուրքական պարբերաբար կրկնվող ագրեսիայի հնարավորության բացառման գործուն լծակներից մեկը:
Այդպիսով, միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիությունը և թույլ կտա կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա: