Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

2020 թ. հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արցախի Հանրապետության ճանաչմանը:

Խորհուրդը որոշում է կայացրել նաեւ ֆինանսական օգնություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը: Այս մասին Twitter-ում հայտնել է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը:

Ավելի վաղ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը դատապարտել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը: «Ես ուզում եմ լիարժեք աջակցություն ցուցաբերել իմ հայ բարեկամներին և արտահայտել իմ խոր վրդովմունքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության առնչությամբ, որը հանգեցրեց լուրջ ավերածությունների»,-նշել էր նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանն այս քայլով փորձում է հակամարտությանը նաև կրոնական երանգավորում տալ:

«Միջազգային հանրությունն այլևս չի կարող կույր մնալ բոլորիս աչքի առջև ծավալվող ողբերգական իրադարձությունների նկատմամբ և պետք է վերջ դնի ադրբեջանցիների ու թուրքերի գործողություններին: Ավելի քան երբևէ, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է լիովին խաղա իր դերը: Ես մեկ անգամ ևս կրկնում եմ իմ կոչը` ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը»,-ընդգծել էր նա:

ARMENPRESS