Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան տուժածներ և վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտվանից նորից սկսեցին Ստեփանակերտի հրթիռակոծությունները: Շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները: Կան տուժածներ և վիրավորներ»,- ասաց Հովհաննիսյանը:
****
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի ուշ նա եւս երկու գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հրթիռակոծվում է նաև Շուշին:
«Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
***
Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այսօր կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: