Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին:

«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,- ասել է նա:

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ