Փարիզում վանդալները պղծել են Կոմիտասի հուշարձանը

Փարիզում վանդալները պղծել են հայ մեծանուն երգահան և կոմպոզիտոր, Հայոց ցեղասպանության ականատես Կոմիտասի հուշարձանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Անժելա Կժդրյանը։

«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին… Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «c’est faux»՝ «Կեղծիք է»,- ասվում է գրառման մեջ։

Կոմիտասի հուշարձանը հավերժացնում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Դրա վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի»:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, «մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։

Հուշարձանը կանգնեցվել է Փարիզի կենտրոնում 2003-ին։