Էրդողանն իրեն նոր Աթաթուրք է երեւակայում: Այդպե՞ս է արդյոք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն նոր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք է համարում, The Jerusalem Post-ում գրում է Միկա Հալփերնը:

«Էրդողանը փորձում է վերադարձնել Թուրքիայի հողերն ու հզորությունը: Եթե նա հասնի իր ուզածին, նա իր երկրի ժառանգությունը կնետի շատ ավելի հեռու անցյալ: Նա փայփայում է Թուրքիայի ազդեցությունը վերականգնելու միտքը՝ այն դիրքին, որը նա ունեցել է Օսմանյան կայսրության ժամանակ, եւ նույնիսկ ավելի վաղ՝ Սելջուկյան կայսրության օրոք, երբ 11-14-րդ դարերում իշխում էր թուրք-պարսկական սունիների դաշնությանը:

Էրդողանն ընդլայնում է Թուրքիան: Նա հավակնում է տարածքների, ջրերի եւ նավթի իրավունքի, ներառյալ արեւելյան Միջերկրածովը: Թուրքական բանակը ներխուժեց Իրաք եւ Սիրիա: Այս հայտարարություններից մի քանիսը, ինչպիսիք են Հունաստանի հետ հակամարտությունը, լուսաբանվել են միջազգային լրատվամիջոցներում: Մյուսների մեծ մասը՝ ոչ:

Քարտեզը, որը վերջերս Twitter-ում տարածվել էր Էրդողանի ամենամոտ քաղաքական դաշնակիցներից մեկի՝ Մեթին Կուլունկի կողմից, ապացուցում է Թուրքիայի հսկայական նպատակներն ու տարածքային պահանջները: Էրդողանի քարտեզի վրա Թուրքիան ընդգրկում է շատ ավելի մեծ տարածքներ, քան նրա ներկայիս տարածքն է: Քարտեզը ներառում է Հունաստանի հյուսիսը՝ մինչեւ Էգեյան ծովի արեւելյան կղզիներ, Բուլղարիայի կեսը, ամբողջ Կիպրոսը, Հայաստանի մեծ մասը եւ Վրաստանի, Իրաքի ու Սիրիայի մեծ հատվածներ: Էրդողանի տեսլականը թուրքական եւ օսմանյան հզորության ժամանակաշրջանի վերականգնումն է:

Քարտեզն ի սկզբանե օգոստոսի 26-ին հրապարակվել էր Twitter-ում: Ամսաթիվը նշանակալի է: Սա Մանցիկերտի ճակատամարտի տարեդարձն է, որը տեղի է ունեցել 1071 թվականին: Այս ճակատամարտը հանգեցրեց Սուրբ Հռոմեական կայսրության վերջնական պարտությանը: Դա նշանավորեց Հռոմեական կայսրության անկման եւ Օսմանյան կայսրության ծագման սկիզբը: Պատմության մեջ այս անցումային շրջանի նշանակությունը լավագույնս արտահայտվում է անունների փոփոխության մեջ: 1453-ին Կոնստանդնուպոլիսը վերանվանվեց Ստամբուլ:

Էրդողանի աշխարհայացքում այսօր կա սկզբնական Հռոմեական կայսրության համարժեքը, եւ այդ համարժեքը ոչ այլ ոք է, քան ԱՄՆ-ը եւ նրա դաշնակից Իսրայելը: Էրդողանը դիրքավորում է իրեն եւ իր երկրին՝ լրացնելու այն, ինչը համարում է իշխանության մեջ չափազանց կարեւոր բացթողում: Նա ցանկանում է դուրս մղել այսօրվա Հռոմեական Սուրբ կայսրության համարժեքին, որպեսզի ինքը զբաղեցնի այդ տեղը:

Թուրքիայի նախագահի համար դա տեղի է ունենում աստիճանաբար: Նա լրացնում է Իրանի թողած էներգետիկ դատարկությունները: Քանի որ Իրանը միջազգային ասպարեզում տատանվում է COVID-19 համավարակի եւ իրանական տնտեսության վրա ԱՄՆ պատժամիջոցների վնասակար ազդեցության պատճառով, Թուրքիան միջամտում է: Էրդողանը զբաղեցնում է այն տեղը, որը ժամանակին զբաղեցնում էր Իրանը՝ որպես Արեւմուտքի դեմ ամրոցի առաջնորդ:

Օրինակ, այս շաբաթ գազի գործարք է կնքվել ամերիկյան ընկերության եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի, քրդական խմբավորման միջեւ, որը վերահսկում է Սիրիայի մի մասը՝ զգալի եւ չօգտագործված նավթի պաշարներով: Թուրքիան Իրանի ու Ռուսաստանի հետ միասին դատապարտել է համաձայնագիրը: Թուրքիան բազմիցս կոչ է արել ԱՄՆ-ին լքել Սիրիան: Երբ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները աուտսայդեր է, բոլոր երկրները պաշտպանեցին նրա տեսակետը: Նրանք, անշուշտ, հեգնանք չեն տեսել այն փաստի մեջ, որ այս երկրներից յուրաքանչյուրը նույնպես զգալի ներկայություն ունի Սիրիայում:

Էրդողանը վերջերս Ստամբուլում ընդունեց ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը: Հանդիպման ընթացքում Էրդողանը նրանց հանձնեց Թուրքիայի քաղաքացիություն եւ արժեքավոր թուրքական անձնագիր: Հայտնի եւ հետախուզվող միջազգային ահաբեկիչներին թուրքական անձնագրերի կանխամտածված տրամադրումը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության հովանավորում: Այս բաղձալի ճանապարհորդական փաստաթղթերը կօգտագործվեն գումարներ հայթայթելու եւ, անկասկած, Իսրայելում խաղաղ բնակչության դեմ արյունալի ահաբեկչություններ պլանավորելու ու իրականացնելու համար:

Էրդողանը ծայրաստիճան արդյունավետ առաջնորդ է: Նա ստեղծել է իսլամական կուսակցություն, որը դուրս է մղել անվտանգության եւ ռազմական ուժերի կաստան, որոնք արդյունավետորեն զսպում էին իսլամական ծայրահեղականությունը: Տարիների ընթացքում Էրդողանը դառնում է ավելի ու ավելի իսլամիստ եւ ավելի ու ավելի ծայրահեղական: Այս քայլը ակնհայտ է Արեւմուտքի հանդեպ նրա աճող արհամարհանքի մեջ, եւ հատկապես հստակ երեւում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հանդեպ նրա վերաբերմունքի մեջ:

Չնայած հայրենիքում լուրջ տնտեսական խնդիրներին՝ Էրդողանը շարժման առաջնորդն է: Սելջուկյան կայսրության եւ Աթաթուրքի պատկերների օգտագործումը, զուգորդված ԱՄՆ-ի եւ Իսրայելի հանդեպ նրա անթաքույց անհանազանդությամբ, ուժեղացնում է նրա դիրքերը սեփական երկրում: Էրդողանը ստիպում է թուրքերին հպարտանալ իրենց ժառանգությամբ, հպարտանալ, որ իրենք թուրք են եւ երբեմնի մեծ հերոսների ու մարտիկների ժառանգներ:

Էրդողանի տեսլականը ուղղակիորեն հակադրվում է Արեւմուտքին: Հուսով եմ` նա անհաջողության կմատնվի: Եւ կարծում եմ՝ նա անհաջողության կմատնվի: Նրա գաղափարախոսությունը, թեեւ մարդկանց ստիպում է լավ զգալ, հանգեցրել է տնտեսական ծանր ժամանակների: Ազգային տնտեսական հաջողությունը կախված է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ կապերից: Իրանը եւ Ռուսաստանը չեն կարող եւ չեն լրացնի այդ բացը: Մինչ այժմ Էրդողանի գաղափարախոսությունը, այլ ոչ թե տնտեսական շահերն են որոշել նրա որոշումների կայացման գործընթացը: Բայց դա՝ առայժմ: Ի վերջո, հաջողությունը տնտեսությունն է»:

News.am