Արթուր Թովմասյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ

2020 թ. մայիսի 21-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախ «Արդարություն» խմբակցությունը առաջարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանի թեկնածությունը, սակայն Բալայանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ նշելով, որ ճիշտ կլինի Ազգային ժողովի նախագահ լինի խորհրդարանական մեծամասնությունից։ Նա առաջարկեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի թեկնածությունը։ Այնուհետև անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն։

Քվեարկությանը մասնակցեց 33 պատգամավոր, Արթուր Թովմասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 29 պատգամավոր, դեմ՝ 4։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ  Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,  ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ  գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2010-2015թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2005-2006թթ.՝ կուսակցության համանախագահ 2007-2009թթ.՝ կուսակցության նախագահ 2005թ.-ից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավարն է: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ