Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության անկախության «դե յուրե» ճանաչման 100-ամյակի կապակցությամբ

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո  Փարիզի Խաղաղության վեհաժողովում՝ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը, մշակվեցին պայմանագրեր, որոնք հետագայում կնքեցին պատերազմում հաղթող պետությունները պարտված պետությունների հետ։

Պայմանագրերի այդ համակարգը կոչվեց Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ։

Պայմանագրերի Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի հիմքում ընկած էին Վերսալի, Սեն-Ժերմենի, Նյոյի, Տրիանոնի, Սեւրի պայմանագրերը եւ Վաշինգտոնի համաժողովը։ Վաշինգտոնի համաժողովում կնքված պայմանագրերը վերաբերում էին Հեռավոր Արեւելքի տարածաշրջանին։

Վերսալի խաղաղության պայմանագիրը կնքվեց 1919 թվականի հունիսի 28-ին մի կողմից Գերմանիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Նիկարագուայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբերի, Խորվաթների ու Սլովենների թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի եւ Ուրուգվայի միջեւ։

Սեն-Ժերմենի խաղաղության պայմանագիրը կնքվեց 1919 թ. սեպտեմբերի 10-ին մի կողմից Ավստրիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների միջեւ։

Նյոյի պայմանագիրը կնքվեց 1919 թ. նոյեմբերի 27-ին մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների միջեւ։

Տրիանոնի պայմանագիր կնքվեց 1920 թ. հունիսի 4-ին մի կողմիցու Հունգարիայի, մյուս կողմից՝ հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների միջեւ։

Սեւրի խաղաղության պայմանագիրը կնքվեց 1920 թ օգոստոսի 10-ին մի կողմից Օսմանյան կայսրության կառավարության, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների եւ Սլովենների թագավորության, Հեջազի միջեւ։

Սեւրի խաղաղության պայմանագրի կնքմանը նախորդել է հետեւյալ գործողությունը․ 1920 թ. մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Փարիզի խաղաղության վեհաժողով, որտեղ նրան ներկայացվել է «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձել է Սեւրի խաղաղության պայմանագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից պետությունների շարքում: Այսպիսով 1920 թ. մայիսի 11-ին «դե յուրե» ճանաչվել է Հայաստանի անկախությունը, որի 100-ամյակը լրանում է 2020 թվականին։

Սեւրի խաղաղության պայմանագրի 6-րդ բաժինը՝ Հայաստան, 89-93-րդ հոդվածներ, ամրագրում էր 1919-1920 թթ․ ընթացքում հայ ժողովրդի իրավունքների մասով կայացված որոշումները, դրանց հիմնարար սկզբունքները։

Մի քանի կարեւոր նկատառում կապված Սեւրի պայմանագրի հետ։

Առաջին։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Սեւրի խաղաղության պայմանագիրը գործողության մեջ չի մտել, քանի որ, իբրեւ թե, չի վավերացվել, ուրեմն ստիպված են ընդունել, որ Մեծ Մերձավոր Արեւելքի պետությունների ներկայի սահմանները օրինական չեն։

Երկրորդ։ Սեւրի խաղաղության պայմանագրի պահանջները չեն իրականացվել միայն երկու դեպքում, Հայաստանի (6-րդ բաժին, Հայաստան, 88-93-րդ հոդվածներ) եւ Քրդստանի (3-րդ բաժին, Քրդստան, 62-64-րդ հոդվածներ)։

Երրորդ։ Առանց Սեւրի խաղաղության պահանջների ու հոդվածների իրականացման Հայաստանի եւ Քրդստանի մասով, ինչպես նաեւ առանց ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրականացման` Մեծ Մերձավոր Արեւելքում կայուն եւ երկարատեւ խաղաղություն հաստատել հնարավոր չէ։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 11 մայիս 2020 թ.