«Օղակ» օպերացիա. Գետաշենում եւ Մարտունաշենում խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, հրետանի. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել կապված Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի հետ:

Հայտարարությունում ասվում է. «29 տարի առաջ ԽՍՀՄ եւ Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ եւ համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիային։

«Օղակ» գործողությունը սկսվեց 1991 թ. ապրիլի 30-ին` Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի թիրախավորված գնդակոծությամբ, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ОМОН)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների եւ խորհրդային բանակի աջակցությամբ, ներխուժում էին հայկական գյուղեր՝ պաշտոնապես իբրեւ թե «անձնագրային ռեժիմի ստուգման» համար, իսկ իրականում սպանությունների, թալանի, հայկական ազգաբնակչության նկատմամաբ ահաբեկչությունների եւ դրան հետեւած տեղահանությունների նպատակով։

Ռազմաոստիկանական գործողությունների արդյունքում ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաեւ Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների տասնյակ հայկական գյուղեր, տեղահանվեց շուրջ տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ վերցվեց։ Նրանցից շատերի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:

Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի հայաթափման սկիզբ, որը դարձավ հերթական դրսեւորումը 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի գյուղերում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտման քաղաքականության։

Արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հայկական ջարդերը, եւ հետագայում՝ 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը կրկնվեց 2016 թ. ապրիլին, ապացուցեցին, որ միայն անկախ պետականության կերտման եւ շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարավոր երաշխավորել իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային հանրության կողմից այս իրողության ըմբռնումն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ եւ խաղաղություն ու անվտանգություն կապահովեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։

News.am

***

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը՝ Ադրբեջանի կողմից իրականացված «Օղակ» գործողության մասին

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը՝ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ, որն ավելի վաղ հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։

05.05.2020

News.am