«The National Interest». 40 տարի պահանջվեց, որպեսզի Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Սկսած 1923 թվականից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու ճնծում գործադրում իր դաշնակիցների դեմ, որպեսզի վերջիններս այդ իրադարձությունները «ցեղասպանություն» չանվանեն: Այս մասին «The National Interest»-ում իր հոդվածում գրում է պատմաբան Էլդադ Բեն Ահարոնը:

Նա նշում է, որ 2019 թվականին կարեւոր քվեարկության ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ու Սենատը մարտահրավեր նետեցին այդ ճնշմանը:

Ինչպես գրում է պատմաբանը, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական պայքարը սկսվել է 1976 թվականից՝ Ջիմի Քարթերի նախագահության ժամանակաշրջանից: Քարթերը իշխանության էր եկել՝ մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորությամբ: Հենց այդ ժամանակաշրջանում վատթարացան ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները: Քարթերը քննադատում էր Իրանի շահին՝ նրան մեղադրելով բռնապետության եւ մարդու իրավունքների խախտումների համար: Դրանից հետո Իրանում Իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ: Հենց այդ պահից ի վեր ամերիկյան վարչակազմը սկսեց Հոլոքոստն օգտագործել որպես դաս ցեղասպանությունները կանխելու համար: Հենց այդ ժամանակ որոշվեց Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարան բացել, որը պետք է արժենար 100 մլն դոլար:

Հենց այդ պահին ԱՄՆ-ի հայկական համայնքը հավատաց, որ կարող է վերադարձնել արդեն մոռացված Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը:

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը ճնշում է գործադրել թանգարանի ղեկավարների վրա, որպեսզի Սեթ Մոմջյանին նշանակի ամերիկա-հայկական համայնքի ներկայացուցիչ: ԱՄՆ-ում հայ համայնքը 1 մլն դոլար նվիրաբերեց, որպեսզի հնարավորություն ստանա թանգարանի ուշադրության կենտրոնում պահել Ցեղասպանության հարցը:

1983 թվականի օգոստոսին հայերի սպասելիքներն իրականություն դարձան, երբ թանգարանի հանձնաժողովը որոշեց Ցեղասպանությունը ցուցադրության մեջ ներառել: ՉՆայած այդ որոշումը ոչ պաշտոնական էր, այն այնուամենայնիվ պարտադիր էր:

«Թուրքիայի կառավարությանը մտահոգում էր թանգարանը: Նրանք դիմեցին իրենց դաշնակից Իսրայելին: Թուրքիան ճնշում գործադրեց Իսրայելի վրա, որպեսզի վերջինս ազդի թանգարանի հայեցակարգի վրա ու այնպես անի, որ հայերը բացառվեն հուշահամալիրից»,- գրում է հեղինակը:

Ի վերջո հուշահամալիրը բացվել 1991 թվականին, ամբողջ ուշադրությունը կենտրոնացվեց Հոլոքոստին  եւ հրեա զոհերին:

Ի՞նչ փոխվեց 2019 թվականին: Հեղինակը մի քանի պատճառ է նշում, որոնց թվում են ամերիկա-թուրքական հարաբերությունների փոփոխություններ, Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային համակարգերի գնումը, Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի օպերացիան: «Կոնգրեսը հզոր պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ: Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը միջոցների փաթեթի մի մասն էր»,- գրում է պատմաբանը:

Հեղինակի խոսքով՝ ճանաչելով Ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն վճռական է դաշնային ռեսուրսներ տրամադրելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման համար: «Գործնական տեսանկյունից հուշահամալիրի կառուցումը հավելյալ բացասական հետեւանքներ կունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար, որոնց վերականգնման համար կպահանջվի եւս 40 տարի»,- եզրափակում է նա:

News.am