Նիկոլ Փաշինյանի անընդունելի հայտարարությունն և դիրքորոշումը. «Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին»

Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը չպե՛տք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Իսկ ի՞նչ հիմնավորում ունի դա։ Երեկ էլ ես խոսեցի և վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այդ Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ: Եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ», — հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է ընդունել Արևմտյան Հայաստանի, ծովից ծով Հայաստանի մասին խոսույթը:

Ըստ նրա՝ հարցի նրբությունն այն է, որ սա գործնականում նշանակում է բացառել «Արևմտյան Ադրբեջանի», «Արևելյան Թուրքիայի» և նմանատիպ այլ խոսույթների շուրջ քննարկումները։

Մեկնաբանելով այն պնդումները, որ դա Ադրբեջանի պահանջն է, Փաշինյանը նշել է, որ մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ուզո՞ւմ ենք սա, թե՞ ոչ։ «Ես հստակ արձանագրել եմ, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, այսինքն՝ այսօր Հայաստանում Ղարաբաղի շարժումը դադարեցված է՝ առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար, ես՝ որպես Հայաստանի վարչապետ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այդ որոշումը կընդունենք ի գիտություն», — խոստացել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ կասկածի տակ չի դնում ժողովրդի որոշումներ կայացնելու իրավունքը։ «Բայց մենք նաև պարտավոր ենք՝ որպես ՀՀ քաղաքացիների մանդատն ունեցող քաղաքական ուժ, ներկայացնել քաղաքական այն բովանդակությունը կամ բովանդակության ընկալումը, որը մենք ձևավորել ենք նաև փորձի ընթացքում, որը ձևավորել ենք նաև վերջին 8 տարվա մեր գործունեության արդյունքում»։

Փաշինյանի կարծիքով՝ ընտրություններում «եռագլուխ կուսակցության» հաղթանակը կնշանակի շարժման վերսկսում։ Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որը հստակ հայտարարում է Հռչակագրի շուրջ քննարկումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է հստակ և անկեղծ կենտրոնանանք «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա», — ընդգծել է Փաշինյանը, հավելելով, որ կրծքին կրում է Հայաստանի պատկերը՝ ցույց տալու համար, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում ժողովրդի բարեկեցության և անվտանգության ապահովման վրա։ Այս համատեքստում նա նշել է, որ նախօրեին ևս խոսել է այն մասին, որ բանակը չի կարող օգտագործվել սուվերեն տարածքից դուրս, բացառությամբ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքերի։

Ըստ Փաշինյանի՝ քաղաքացիներն ընդունում են «Իրական Հայաստանի» գաղափարը, «հակառակ դեպքում ես հիմա վարչապետ չէի լինի»։ Զարգացնելով միտքը՝ նա հավաստիացրել է, որ դեռ 2024 թվականին, ներկայացնելով «Իրական Հայաստանի» հայեցակարգը, ժողովրդին կոչ է արել՝ համաձայն չլինելու դեպքում հեղափոխություն անել և իրեն զրկել վարչապետի պաշտոնից։ «Առաջիկա ընտրություններում էլ այդ հնարավորությունը Հայաստանի քաղաքացիները ունեն։ Բայց նաև Հայաստանի քաղաքացիները ունեն իրականացնելու այդ պատմաքաղաքական հեղափոխությունը, երբ մենք կենտրոնանում ենք մեր ինքնիշխան պետության շահերի վրա և գործում ենք բացառապես այդ շահերի, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, խաղաղության շահերի համար և սա պատմական ընտրություն է, որովհետև վերջին հարյուրամյակներում առաջին անգամ մենք ունենք հնարավորություն, որ ոչ թե մեր շահերը արտապատվիրակենք ուրիշներին, այլ որպեսզի նրանք իրենց հերթին այդ շահերն օգտագործեն իրենց նպատակների համար՝ մեզ զոհաբերելով, մենք հնարավորություն ունենք կենտրոնանալ, առերեսվել մեր խնդիրներին, մեր միջավայրում ձեռք բերել պայմանավորվածություններ և այլն։ Ղարաբաղյան շարժման ավարտ նշանակում է նաև «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ավարտ և այդ կարգի խոսույթների ավարտ։ Եվ սա պատմական հնարավորություն է բոլորի համար։ Ոչ միայն Հայաստանի համար, սա պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար», — հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող մերժել նման առաջարկը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների թեմային՝ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցը նույնպես պետք է փակել, ընդ որում՝ հենց փախստականների շահերից ելնելով։ «Ինչքա՞ն պետք է Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում։ Ավելի քան 30 տարի Ղարաբաղի մեր ժողովուրդը լիարժեք կյանքով չի ապրել․ անընդհատ անորոշության մեջ, ինչ-որ առումով քաղաքական պատանդի կարգավիճակով»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այդ մարդիկ պետք է հաստատվեն Հայաստանում՝ բոլոր հայերի հայրենիքում։ Փաշինյանը հավաստիացրել է, որ Սահմանադրության հարցը ՀՀ իշխանությունները չեն քննարկում որևէ արտաքին դերակատարի հետ։ «Սա ներքին օրակարգ է, բայց նաև ակնհայտ է, որ նոր Սահմանադրության ընդունումը կունենա մեծ տարածաշրջանային և միջազգային նշանակություն»,- եզրափակեց նա։

Նա հիշեցրեց, որ ինքն էլ է իր առաջին քաղաքական քայլերն արել Ղարաբաղյան շարժման մեջ, սակայն այժմ, ստանձնելով վարչապետի պաշտոնն ու խորասուզվելով հարցի նրբությունների մեջ, հանգել է այն եզրակացության, որ շարժումը դրսից է խթանվել՝ ներքին դերակատարների միջոցով։ Ըստ նրա՝ Ղարաբաղյան շարժումն անկախության առաջին իսկ օրերից օգտագործվել է պետության կայացմանը խոչընդոտելու և երկրի անվտանգությունը հարվածի տակ դնելու համար։ «Ղարաբաղյան շարժումն ու անվտանգությունն անհամատեղելի են»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ անցած տասնամյակների ընթացքում խաղաղություն չի եղել, այլ եղել են տարբեր ինտենսիվության պատերազմներ։ «Խաղաղությունը բարդ քայլեր է պահանջում։ Պետք է ուղիղ ասեմ՝ գլուխ խոնարհելով ու ծնկի գալով զոհվածների առջև՝ ես հպարտ եմ, որ իմ մեջ ուժ գտա դեմ առ դեմ կանգնելու այս հարցերին, բարձրաձայնելու բաներ, որոնք վերջին հարյուրավոր տարիներին մեր իրականության մեջ տաբու են եղել, և դրա շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղություն ունենք։ Ընտրությունը մերն է՝ ո՞ր ճանապարհով գնալ՝ խաղաղությա՞ն, թե՞ կոնֆլիկտի և դեպի պատմական աղետալի շրջափուլ վերադարձի»,- հայտարարել է Փաշինյանը։