Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտնեց, որ Հայաստան է ժամանել ամերիկյան «AECOM» ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ Սյունիքում սկսելու Թրամփի ուղու կառուցման տեղանքի հետազոտման աշխատանքները։
«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,- հայտնել էին դեսպանությունից։
Այս ընկերության մասին առկա տվյալներն ուսումնասիրելիս չափազանց կարևոր հանգամանք է ի հայտ գալիս։
Շաբաթներ առաջ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում էր ունեցել ակտիվների կառավարմամբ զբաղվող աշխարհահռչակ ամերիկյան «Blackrock» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լարի Ֆինքի և դրա կազմի մեջ մտնող «Global Infrastructure Partners (GIP)» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադեբայո Օգունլեսիի հետ։ Հանդիպման արդյունքում այս ընկերությունների և Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր էր կնքվել, որով նախատեսվում է առաջիկա տարիներին մինչև 1.5 միլիարդ դոլար ներդրումներ կատարել Ադրբեջանի ենթակառուցվածքային ծրագրերում։
Տվյալների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Ադրբեջանում ներդրումներ անել պատրաստվող «Blackrock» ընկերությունը մոտ 12 տոկոս բաժնեմաս ունի «AECOM»-ում՝ այն նույն ընկերությունում, որը զբաղվելու է Հայաստանի տարածքում Թրամփի ուղու նախագծման աշխատանքներով։
Թեև պաշտոնապես Թրամփի ուղին միայն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է և որևէ կապ չունի Ադրբեջանի հետ, սակայն այս փաստը մտահոգություն է առաջացնում այս ծրագրում ադրբեջանական հնարավոր ներգրավվածության վերաբերյալ, քանի որ Ադրբեջանը կարող է փորձել այս ընկերության խողովակով ազդեցության լծակներ ձեռք բերել «TRIPP»-ում։