Թուրքիան աջակցում է Փաշինյանին՝ նա իդեալական գործընկեր է նրանց համար. Թոմաս դե Վաալ

Թուրքիան, իհարկե, աջակցություն է հայտնում Փաշինյանին. նրանց համար նա իդեալական գործընկեր է։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի առաջատար հետազոտող և կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նա հավելել է, որ այդ առումով Թուրքիան տարբեր նախագծերի է պատրաստվում։

«Ամենամեծ քայլը կլինի Հայաստանի հետ սահմանի բացումը, սակայն այդ օրակարգը առաջ մղելու համար Թուրքիան սպասում է Բաքվից ազդանշանի»,- նշել է դե Վաալը։

 

Փորձագետը կարծում է, որ արտաքին ուժերի գործոնը վճռորոշ ազդեցություն կունենա Հայաստանի ընտրությունների արդյունքի վրա։

«Սա պայմանավորված է նրանով, որ այս ընտրությունները ոչ թե պարզապես սովորական ընտրություններ են իշխանության ձևավորման համար, այլև յուրօրինակ հանրաքվե՝ որոշելու երկրի արտաքին քաղաքական կուրսը, և Փաշինյանը խաղում է սրա վրա։ Բացի դրանից, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական հասարակություններում կա արյունահեղությունը դադարեցնելու ցանկություն, և Փաշինյանը հմտորեն օգտագործում է այս գործոնը»,- նշել է փորձագետը։

Միաժամանակ, նրա կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ կատարելու՝ Ադրբեջանի պահանջը դժվար կլինի իրականացնել Հայաստանի ընտրություններից հետո, այդ թվում՝ Փաշինյանի հաղթանակի դեպքում․ Թոմաս դե Վաալը կասկածում է, որ այդ հարցը հանրաքվեի ժամանակ կստանա հայ հասարակության հավանությունը։