Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) ողջունում է ասորիների խորհրդարանի ձեւավորումը

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) ողջունում է Մեծ Մերձավոր Արեւելքի իրավազրկված ժողովուրդներից ասորիների խորհրդարանի ձեւավորումը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին, Երեւանում։

Նշենք, որ ասորիների, հույների, հայերի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների նկատմամբ շարունակվում է հալածանքների, իրավունքների անտեսման, մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման ու կեղծարարության գործընթաց՝ հրահրված Թուրքիայի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից։

Դեռեւս 2015 թվականի ապրիլի 7-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչեց ու դատապարտեց թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից 1915-1923 թթ. իրականացված ասորիների եւ հույների ցեղասպանությունը։

Մենք  հավատարիմ ենք ճանաչման ու դատապարտման այդ փաստին եւ հայտնում ենք մեր զորակցությունը բարեկամ ժողովուրդների՝ ասորիների, հույների եւ այլ իրավազրկված ժողովուրդների իրավունքների պաշտպանության հարցում եւ աջակցում ենք նրանց ցեղասպանության հետեւանքների վերացման ու արդարության հաստատման գործում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում որպես պատգամավորներ ասորական համայնքից Դավիթ Խինոեւի եւ Ռազմիկ Խոսրոեւի, ինչպես նաեւ հունական համայնքից Էդուարդ Փոլատովի ընդգրկումն ու տարիների համատեղ աշխատանքը լավագույն ապացույցն է մեր բարեկամության ու համագործակցության։

Հավատում ենք, որ մեր միջեւ ձեւավորվելու է սերտ եւ արդյունավետ համագործակցություն՝ բարեկամ ժողովուրդների առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու եւ մեր արդարացի իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցերում։

 Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

13.09.2019թ.