Խորապես ցավում ու ցավակցում ենք:
2025 թվականի ապրիլի 20-ին հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր, Մոսկվայի եւ Հայֆայի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, բարերար, մեր շատ սիրելի ընկեր եւ համախոհ Ալբերտ Տերյանը:
Ալբերտ Տերյանը ծնվել է 1953 թվականի ապրիլի 12-ին Արցախում` Դաշտային Ղարաբաղի Դաշքեսանի շրջանի Բանանց (Բայան) գյուղում։ 1958 թվականին Տերյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան՝ Վանաձոր (Կիրովական), որտեղ Ալբերտը ընդունվել է Պուշկինի անվան թիվ 4 միջանակարգ դպրոցը, որն ավարտել է 1970 թվականին: 1972 թվականին ընդունվել է Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարան, իսկ մեկ տարի անց հրաժարական է տվել եւ 1973 թվականին ընդունվել է Մոսկվայի հեղինակավոր ավտոճանապարհային ինստիտուտ (ՄԱԴԻ), որը հաջողությամբ ավարտել է 1979 թ.։
ՄԱԴԻ-ն ավարտելուց հետո Ալբերտ Տերյանն աշխատել է որպես ինժեներ, այնուհետև՝ որպես տնօրեն Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի ավտոտրանսպորտային եւ ավտովերանորոգման ձեռնարկություններում: 1991 թվականին հիմնադրել եւ ղեկավարել է «ՌՈՍԱՐՄ» բազմամասնագիտական ընկերությունը։
1988 թվականից, Արցախյան ազգային-ազատագրական շարժման սկզբից, ակտիվորեն մասնակցել է Մոսկվայի հայ համայնքի հայրենանվեր եւ եկեղեցական գործունեությանը, ընտրվել համայնքային կազմակերպությունների ղեկավար մարմիններում։
2017 թ. տեղափոխվել է Իսրայել՝ Հայֆա, որտեղ եղել է հայ համայնքի ակտիվ անդամ։
2018 եւ 2023 թթ․ ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր։
Ալբերտ Տերյանը այն լուսավոր, վեհ ու առինքնող անձնավորությունն էր, որ իր կյանքի 72 տարիների ընթացքում դարձավ հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Նա հայրենասեր այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ պատմական Արցախի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։
Որպես հայկական օջախի պահապան եւ ընտանիքի հայր, լինելով հայ համայնքի ակտիվ անդամ՝ նա այս վեհ զգացմունքները փոխանցեց իր զավակներին եւ գործընկերներին, ովքեր այսօր շարունակում են ապրել այդ հայկական արժեքներով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Հենց այս հայրենասիրական զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։
Մենք մշտապես բարձր ենք գնահատել Ալբերտ Տերյանի հայրենանվեր գործունեությունը եւ նշանակալի ներդրումը հայկական ավանդույթների զարգացման ու պահպանման գործում, ինչպես նաեւ իր պատասխանատու դերը, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Նա իր գործընկերների հետ միասին, ակտիվորեն մասնակցել է հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությանը, որի նվիրյալներից էր։
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահի, Կառավարության, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավորների եւ բոլոր պետական կառույցների, ընկերների ու գործընկերների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին հայտնում նաեւ մեր զորակցությունը Ալբերտ Տերյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։
Մարտիկ Գասպարյան
Հայաստան Պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան Պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
21.04.2025 թ․