Արարատ Միրզոյանը շատ պարզունակ երկու մանիպուլյացիաներ իրականացրեց. Հայկ Դեմոյան

Հայաստանի Անկախության հռչակագրում հստակ գրված է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը,. Չեմ կարծում, որ Արարատ Միրզոյանը այս հիմնարար փաստաթղթի բովանդակությանը տեղյակ չէ: Այս մասին նշեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի առաջնահերթությունների մեջ չէ:

«Իրենք ընդամենը գործիք են անցկացնելու համար տարբեր ուժային կենտրոնների պատվերները: Սա է բալանսավորում իրենց: Իրենք ձեռնտու են տարբեր կենտրոնների, այդ թվում նաեւ Հայաստանի ներքին խորքային պետությանը, որպեսզի իրականացնեն ցանկացած կեղտոտ գործ, հայտարարեն ցանկացած կեղտոտ եւ վտանգավոր բովանդակությամբ գործ:

Արարատ Միրզոյանը շատ պարզունակ երկու մանիպուլյացիաներ իրականացրեց: Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնակարգ հարց չի, դա բոլորս էլ հասկանում ենք, բայց հարցն այլ կերպ էր հնչել: Հարցը Հայոց ցեղասպանությանը հետամուտ լինելու մասին էր:

Երկրորդ մանիպուլյացիան այն էր, որ ասաց՝ ԱԳՆ-ի առաջնային հարցերից մեկը պատմական ողբերգական իրադարձությունների հետազոտությունը չէ: Իհարկե, ԱԳՆ-ի գործառույթներից մեկը հետազոտական աշխատանքը չէ, դրա համար կան այլ հաստատություններ:

Հանրագումարում, մենք ունենք ճիշտ նույն խոսույթը, մտակաղապարը, որը լսում ենք տասնամյակներ շարունակ  թուրքական քարոզչության կողմից»,-ասաց Դեմոյանը:

Նա հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ, գիտաշխատող, պաշտպանել է Հայոց ցեղասպանության ճանաչման դրվագներից մեկին վերաբերող ատենախոսություն, ստացել գիտական աստիճան. «Այս անձը հիմա զբաղվում է բացահայտ ժխտողականությամբ, որը քրեորեն պատժելի է ՀՀ գործող օրենքներով»,- ընդգծեց գիտնականը: