Նիկոլ Փաշինյանի անընդունելի հայտարարությունը. «Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է, իսկ ԱՐԱՐԱՏ լեռը գտնվում է Թուրքիայում»

Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողների կողմից հարց հնչեց Արարատի և Արագածի թեման շրջանառության մեջ դնելու մասին, և թե արդյոք Հայաստանը Թուրքիայից որոշակի ուղերձներ է ստանում Արարատի հետ կապված։

Փաշինյանը սկզբում նշեց, թե Թուրքիայից եկող բոլոր ուղերձները հրապարակային են, սակայն Արարատի և Արագածի թեմայի մասին խոսելիս, ըստ էության, չհերքեց, որ հարցի բարձրաձայնումը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ․

«Այն ուղերձները, որ մենք ստանում ենք Թուրքիայից, հրապարակային են, դուք բոլորդ գիտեք դրանց մասին։ Բայց եկեք Թուրքիայից ստացվող ուղերձները դնենք մի կողմ։ Մենք նախևառաջ պետք է խոսենք մեր մասին։ Ես, խոսելով Արարատի ու Արագածի մասին, խոսում եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող տարածքի և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Թուրքիայի պարագայում մենք ունենք հստակ գծագրված սահման։ Վա՞տ է դա, թե՞ լավ է․ իհարկե, լավ է։ Այս ասածիս մեջ ոչ մի նոր բան չկա, 2021 թվականին կառավարության ծրագրում դա գրված է։

Երբ ես երեխաների հետ հանդիպում եմ, խոսք է գնում տարբեր բաներից, ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը ո՞րն է, երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատն ասում է՝ Արարատը։

Եկեք սրան նայենք հակառակ կողմից։ Թուքիայում, ասում են՝ մի րոպե, Արարատը կամ իրենք, կարծեմ, ուրիշ անուն են տալիս, Թուրքիայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է։ Սա, կարծում եմ, փաստ է։

Հայաստանում երեխեքը որտեղի՞ց են իմանում այդ ինֆորմացիան՝ դպրոցներից, այսինքն կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում։ Ասում են՝ լավ, եթե այս երեխեքը հիմա ասում են, որ Հայաստանի ամենաբարձր սարը Արարատն է, ոչ թե Արագածը, նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայից տարածքային պահանջներ ունի, ինչի՞ մենք որևէ ձևով աջակցենք, նպաստենք կամ նույնիսկ չնկատելու տանք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա։ Ընդհակառակը, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանց ոչնչացնենք։

Հիմա հարց՝ Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է՝ Արագածը, և սա է այն քաղաքականությունը, որը Հայաստանի Հանրապետությանը զարգանալու հնարավորություն կտա։ Մնացածը, մյուս քաղաքականությունները Հայաստանին իր հայտնի պատմական ցիկլի մեջ դնելն է, որի վերջում՝ կայսրությունների փլուզման, կոնսոլիդացիայի արդյունքում պետություն ստեղծել- կորցնելն է, շատ դեպքերում՝ նույնիսկ սեփական կամքից անկախ»,- ասաց նա։

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է, և սա փաստ է, եզրափակեց Փաշինյանը։