Բաքվում Իսրայելի պաշտպանության նախարարի հիմնական նպատակը. IRNA

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական հակամարտությունից հետո Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն այցելել է Բաքու, որտեղ հանդիպել է Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ եւ, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկել անվտանգության եւ դիվանագիտական հարցերին վերաբերող ​​խնդիրներ:

Իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակըա անդրադարձել է Գանցի այցելությանն ու հիմնական նպատակին:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը`որոշակի կրճատումներով.

«Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանը Պաղեստինի օկուպացիոն ռեժիմից հիմնական զենք գնողներից մեկն է՝ իսրայելական Rafael ընկերությունից գնելով Spike-AR եւ Spike-LR տիպի հակատանկային հրթիռներ եւ 120 մմ. Albite System ականանետներ:

2010 թվականից Ադրբեջանը Թել Ավիվից գնում է Spike տիպի հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ իսրայելական անօդաչու սարքեր։ Այս զենքը բազմիցս կիրառվել է հայոց բանակի ու ժողովրդի դեմ՝ արցախյան պատերազմի ժամանակ։ Թեեւ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի զենքի ամենակարեւոր մատակարարներից մեկը, Գանցի Բաքու այցի նպատակը չի կարող լինել պարզապես ավելի շատ զենք վաճառելը:

Գանցի գրասենյակի հայտարարության մեջ, որպես Բաքու այցի նպատակներից մեկը, նշված է՝ փոխզիջումային համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք հայտնի են որպես Աբրահամի համաձայնագրեր, Մերձավոր Արեւելքում տեղի ունենալիք փոփոխությունների քննարկումը, , ինչպես նաեւ Անկարայի հետ Թել Ավիվի հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների ապագան, ինչպես նաեւ այդ գործընթացում Ադրբեջանի ներկայությունն ու մասնակցությունը կարող են լինել նաեւ Թել Ավիվի եւ Բաքվի բանակցությունների առանցքներից մեկն այս այցի ընթացքում։ Կովկասում Հայաստանի եւ Ռուսաստանի մեկուսացման խնդրի լուծման ու տարանցիկ միջանցքի բացման պատրվակով Հայաստանի Սյունիքի մարզի որոշ տարածքների հնարավոր օկուպացման համար Բաքվի դիրքերի կայունացմանն օժանդակելը, նույնպես կարող է դիտարկվել որպես բանակցային ուղղություն։

Սիոնիստական ​​ռեժիմը Ղարաբաղում լարվածության հիմնական գործոններից է եւ փորձում է պահպանել պատերազմի կրակն ու փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը՝ իր շահերին համահունչ։ Թվում է, թե Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Թուրքիայի անունից Ադրբեջան այցի հիմնական նպատակը Բաքվին սադրելն է՝ որպեսզի հարձակվի Հայաստանի Սյունիքի մարզի վրա։ Մինչդեռ Սիոնիստական ​​ռեժիմը, կեղծավոր քաղաքականության շրջանակներում, գաղտնի բանակցություններ է վարում Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով։

Այ պահի դրությամբ Ադրբեջանի իշխանությունները պետք է զգուշանան Իսրայելի ռազմատենչ սադրանքներից եւ Կովկասում նոր պատերազմի մեջ չընկնեն։ Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ տարաձայնությունների միակ լուծումը բանակցություններն են, իսկ պաշտոնական սահմանների փոփոխությունը Կովկասում՝ անվտանգության նոր սպառնալիքներ կառաջացնի։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում Բաղերին շեշտել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

Հայ-ադրբեջանական վերջին հակամարտությանը նվիրված այս զրույցը առանձնահատուկ նշանակություն ունի. կապված Իրանի ու Հայաստանի սահմանի մոտ գտնվող Ջերմուկի բարձունքները գրավելու՝ ադրբեջանական ուժերի գործողությունների հետ, անհրաժեշտություն է առաջացել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հիշեցնել, որ Իրանը պահպանում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ մերժելով Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն, ներառյալ Իրանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր սահմանը։

Միեւնույն ժամանակ շեշտը դրվել է, Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ դա նաեւ Իրանի շահագրգռվածության նշան է տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման հարցում, որի ստվերում կզարգանան բարեկամական հարաբերություններ, կձեւավորվի ուժեղացված եւ արդյունավետ տնտեսական համագործակցություն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի դիրքորոշումն այս զրույցում այն ​​է, որ Բաքուն հավակնություններ չունի Հայաստանի տարածքի նկատմամբ, եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները կարող են լուծվել երկխոսության եւ բարեկամության միջոցով, ինչպես նաեւ Հասանովը հավաստիացրել է, որ Բաքուն մտադիր չէ Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ իրականացնել, ինչը արդեն դրական դիրքորոշում է, որի պահպանումը կչեզոքացնի Սիոնիստական ​​ռեժիմի սադրանքները Կովկասում, այդ թվում՝ խաթարելով Թեհրանի եւ Բաքվի միջեւ առկա հարաբերությունները»։

News.am