Կյանքից հեռացել է Սևրի «Սամուել Մուրատ» հայկական գիմնազիայի և մշակութային կենտրոնի տնօրեն, Մխիթարյան միաբանության անդամ Հարություն վարդապետ Պզտիկյանը

Սրտի ցավով պետք է տեղեկացնենք, որ այսօր, ապրիլի 11-ին, Փարիզի արվարձանում, Սեւր քաղաքում, կյանքի 84 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Սևրի «Սամուել Մուրատ» հայկական գիմնազիայի և մշակութային կենտրոնի տնօրեն, Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան, փիլիսոփայության և արվեստի դոկտոր, արվեստաբան, գեղանկարիչ մեր Սիրելի Հարություն վարդապետ Պզտիկյանը։

Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը այսօրվա հայ իրականության մեջ ամենահայտնի անուններից է՝ շնորհիվ իր ապրած հագեցած կյանքի և բեղուն գործունեության: Մուսալեռցի ծնողների զավակը աչք է բացել Բեյրութում՝ 1937 թվականին, իսկ 1950 թվականից ի վեր իր կյանքը կապել է Վենետիկի Մխիթարյան միաբա­նության հետ: Միաբանության ուշիմ և տաղանդավոր սանը ստանում է բազմակողմանի կրթություն Հռոմում ու Վենետիկում, բացի փիլիսոփայությունից, աստվածաբանությունից ու հոգևոր երաժշտությունից, հրապուրվում նաև գեղանկարչությամբ:

Երկար տարիներ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը զբաղվել է նաև մանկավարժությամբ աշխարհի տարբեր երկրների Մխիթարյան վարժարաններում: Նա հատկա­պես կապված էր Փարիզին մերձակա Սևրի Սամուել-Մուրադ վարժարանի հետ, որտեղ նա դասավանդել է երկար տարիներ, իսկ կյանքի վերջին տարիներին, երբ վարժարանն այլևս չէր գործում, նա դարձել էր այդ պատմական հաստատության վերատեսուչը և Մխիթարյան ժառանգության անսասան պահապանը:

Անխոնջ հոգևորականը, գիտնականը, մանկավարժն ու արվեստագետը հոգով և մտքով ամուր կապված էր Հայրենիքի հետ. նա շրջել է ողջ Հայոց աշխարհում, մեկիկ-մեկիկ գրի առել և նկարագրել ու նկարահանել մեր վանքերը, եկեղեցիները, պատմական հուշարձանները: Նրա բեղուն գրչի տակից դուրս են եկել հայագիտական տասնյակ ուսումնասիրություններ, ճանապարհորդական հուշագրություններ, հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին նվիրված ակնարկներ, սրտացավ ու սուր դիտարկումներ մեր նոր իրականության վերաբերյալ:

Հատկապես վերջին երեսուն տարիներին Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանի մի ոտքը Հայաստանում էր, որտեղ նա գնահատված ու սիրված էր և հաճախ հանդես էր գալիս բանավիճային ելույթներով, դասախոսություններով և նկարչական ցուցահանդեսներով:

Անձամբ ճանաչելով և շփվելով այդ բազմաշնորհ և կենսասեր անձնավորության հետ` իմ մեջ ձևավորվել է մեծագույն հարգանք ու համակրանք մեր հոգևոր-մշակութային կյանքի այդ նվիրյալի նկատմամբ:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների եւ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին հայտնում նաեւ մեր զորակցությունը Հարություն վարդապետ Բեզդիկյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Արմեն Տեր-Սարգսյան՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

11.04.2021 թ,․

***

Հարություն վարդապետ Բեզդիկյանի հիշատակին

VIDEO` «Մխիթարյան միաբանության կրթամշակութային առաքելությունը. Հարություն վարդապետ Բեզդիկյանի աշխատանքը».

Տեսանյութը՝ ռուսերեն

***

Ըստ «Վիկիպեդիա»-ի՝ Հարություն Պզտիկյանը ծնվել  է 1937-ի հուլիսի 27-ին, Բեյրութում։ Սովորել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանում, 1950 թվականից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում։ Հռոմի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն և հոգևոր երաժշտություն, Հռոմի Գրիգորյան համալսարանից ստացել է փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչում։ 1962 թվականին դարձել է վարդապետ։ Երկու տարի սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։

Հոգևոր և ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ կատարել է նաև խմբագրական գործեր, եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրեն, դասավանդել է հայկական կրթօջախներում։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր հայերեն և օտար լեզուներով։ Դասավանդել է Փարիզի Սամուել-Մուրատ վարժարանում։ Եղել է Մխիթարյան միաբանության պաշտոնական ամսագրի` «Բազմավէպ»-ի խմբագրապետ։

Հեղինակ է գրականագիտական, հայագիտական, արվեստին ու մանկավարժությանը վերաբերող հայերեն և օտար լեզուներով բազմաթիվ աշխատությունների։

2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում հանդես է եկել «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ» թեմայով դասախոսությամբ։