Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Մեծահարգ պարոն Փաշինյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները շնորհավորում են Ձեզ եւ Ձեր առաջնորդած քաղաքական թիմին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ընտրողների մեծամասնության քվեին արժանանալու առթիվ։ Այս խոսուն արդյունքով վերջնականապես փաստվեց Ձեր առաջնորդած համաժողովրդական շարժման հաջող իրացումը:

Ինչպես Թավշյա հեղափոխության օրերին, հրապարակավ, այսօր կրկին հայտնում ենք մեր անվերապահ աջակցությունը հայության հետ կապված ռազմավարական կարեւորության Ձեր ձեռնարկներում՝ ի փառս նոր Հայաստանի ու նորացվող հայության:

Վերստին շնորհավորելով՝ մեր գոհունակությունն ենք հայտնում հայության աննախադեպ զարթոնքի համաժողովրդական շարժման մեկնարկի, սահմանադրորեն ընդունելի ընթացք տալու եւ հաստատակամորեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգրվան հասցնելու կապակցությամբ: Այս ամենի արդյունքում այլեւս ունենք աշխարհին հայտնի ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն եւ խանդավառ ու լիահույս աշխարհասփյուռ հայություն, որի ուշադրության, ձգտումների ու նպատակների կիզակետում է հայտնվել Մայր Հայաստանը։

Վստահ ենք, որ հանուն Հայոց պետականության հզորացման, հաստատակամությամբ եւ խորագիտությամբ շարունակելու եք այն արդար ընթացքը, որի մեկնարկի գործում արդեն իսկ առանցքային դերակատարում եք ունեցել։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 27.12.2018 թ.