Հարգելի ընկերներ
Այսօր՝ 2022 թ. օգոստոսի 27-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, հասարակական-քաղաքական գործիչ, պատգամավոր, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ գուսան ՌԱԶՄԱՐԻ (Ռազմար Վարդումյանի) ծննդյան օրն է՝ 70-ամյա Հոբելյանը:
Գուսան Ռազմարն այն վեհ ու առինքնող կերպարն է, ով իր 70 տարիների ընթացքում բոլորի համար դարձել է հնագույն հայկական մշակույթի վերածննդի, հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի պայծառ օրինակ:
Լինելով հայկական ավանդական մշակույթի եւ հայրենասեր հայ մտավորականության վառ ներկայացուցիչ, ու լինելով սասունահայերի հետնորդը, գուսան Ռազմարն ապրում է Հայրենիքի, այդ թվում՝ Սասուն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։
Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, հնագույն գուսանական երգերի վերածննդի կազմակերպիչներից մեկը՝ նա այդ վսեմ զգացումները փոխանցում է իր զավակներին, երիտասարդ երգիչներին եւ Ազատամարտիներին, ովքեր այսօր ապրում են հայկական այս բարձր արժեքներով։ Դա իր հոգու թելադրանքն է։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ ստեղծագործական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ:
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք գուսան Ռազմարին 70-ամյա Հոբելյանի կապակցությամբ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
27.08.2022 թ.