ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, Yerevan.Today-ի խնդրանքով մեկնաբանել է այսօր ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեն։
«Մադրիդյան փաստաթղթից 15 տարի հետո հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնած, «Իմ սեփական կետից ինչ ուզում եմ՝ էդ էլ բանակցում եմ» խոսքերի հեղինակին հիշեցնեմ, որ Մադրիդյան սկզբունքները միջազգայնորեն հաստատված միակ փաստաթուղթն է, որտեղ համանախագահների կողմից ընդունվում է Արցախի ժողովրդի՝ 1991 թվականի գործընթացներով ինքնորոշման միջազգային իրավունքով իրացումը՝ պարտադիր ընդունմամբ բոլորի համար:
Մի բան զվարճալի էր. իր օրոք եվրոպաշտոնյաների կողմից Արցախի Հանրապետությունը «էթնիկ հայերի» բնակավայրի վերածած պերսոնաժը այսօր նորույթ մտցրեց, մեղադրվեցին ոչ թե նախկինները՝ Նոյ նահապետից մինչև Աղասի Խանջյան, այլ, արդեն, Շառլ Միշելը», — ասել է Բագրատ Միկոյանը և հավելել․ «Ուսապարկերը մի հարց կարող էին տալ, բայց չտվեցին. կերազե՞ր, արդյոք, այսօր ունենալ Մադրիդյան սկզբունքներով հարցի լուծում, փաստաթուղթ, որով չէին լինելու հազարավոր զոհեր, Շուշիի ու Հադրութի հանձնում, ու լինելու էր Արցախի միջազգային ճանաչված անկախություն, եթե, իհարկե, թուրքական գործակալ չէ»: