«12-ի ԽՈՐՀՈւՐԴ»-ի հայտարարությունը. «S O S! (save our souls — փրկեք մեր հոգիները). Երկրի ողբով առյուծ-նախահայրերի մռնչոցին լսողություն ունեցող չի մնացել, բա որ վեր կենան, ու՞ր եք փախչելու…»

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Համահայկական մտավորականության՝ «12 —ի ԽՈՐՀՈւՐԴ»-ի

հայտարարությունը

 Ի  անդրադարձ Համայն Հայության վերաբերյալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  ԱՐԱՄ Աի օրերս հնչեցրած կարևորագույն հռչակագրի, «12 —ի Խորհուրդը» սույն հայտարարությամբ հավաստում է Վեհափառի ուղերձի մեծագույն խորհուրդը կյանքի կոչելու իր հանձնառությունը

 Քաղաքակրթական խորագույն ճգնաժամ… Համաշխարհային աղետաբեր գործընթացներ… Աշխարհի հզորների դավադիր ծրագրերի կիզակետում հայտնված Հայաստան աշխարհ…

 

Եվ այս բախտորոշ օրերին, երբ թվում է իր առաքելությանը հավատարիմ վճռորոշ խոսքը պիտի հնչեցնի Հայությունը, մենք, թվում է, չկանք…  Չկա Հայաստանն ու Հայ ժողովուրդը ներկայացնող, աշխարհի հետ հարաբերվող որևէ իրական սուբյեկտ…

Հայոց անլռելի զանգակատան ճիչ–հրամայականը դարձյալ նույնն է.

Համայն Հայությունը պետք է ներկայանա որպես Միասնական Սուբյեկտ։

Սակայն համախմբման կոչեր հնչեցնելն այլևս խաբկանք է, ժամանակի կորուստ։

Հապաղելը կարող է Հայոց համար անդառնալի հետևանքներ ունենալ…

Այնինչ, համայն հայությանը ներկայացնող Սուբյեկտը  միշտ եղել է և՝ ԿԱ…

Դա Հայքն է,  աշխարհով մեկ ցրված Հայ ժողովուրդը, որպես ինքնություն, որպես համաշխարհային հոգևոր տերություն։

Հայ Ոգու, Ջոջաց Տան, Հայոց Աստվածների Հրամայականը միանշանակ է.

Մեծագույն Պատասխանատվությամբ անհապաղ հռչակել, որ.

Կա և արդեն իսկ գործում է համահայկական կամքն ու ոգին ներկայացնող ՀԱՅՔԸ, որպես Հայոց իրական օրակարգ թելադրող ինքնուրույն սուբյեկտ, մեր ինքնության, մեր պատմական առաքելության թելադրած պահանջներովԵվ ինչը խիստ էական է, որպես ողջ մարդկությանը ուղենիշ ծառայող 

ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ համակարգ

Նախաձեռնողը մենք չենք, այլ ՀԱՅՔԸ՝ մեր անցյալի, ներկայի ու ապագայի անքակտելի ամբողջականության սրբազան խորհուրդը։ Այս ճակատագրական պահին «12 -ի ԽՈՐՀՈւՐԴԸ» բարձրաձայնում է պահի հրամայականը, մտահոգ Հայության շուրջ խմորվող դավադիր հաշվարկներով։ Յուրաքանչյուր հայրենատեր թող համարի, որ ինքն է այս նախաձեռնության հեղինակն ու շահառուն…

Միաժամանակ շեշտենք, որ ՀԱՅՔԸ գնահատում է և կարևորում յուրաքանչյուրի ինքնուրույն գործելու իրավունքը, գաղափարական-ծրագրային սկզբունքները…

ՀԱՅՔԻ լիազորություններին տեր կանգնելու կոչով դիմում ենք Համայն հայությանը. ազգային կառույցներին, իրոք անկախ ազգային կուսակցություններին, անհատ գործիչներին, հայրենապաշտ յուրաքանչյուր հայի.

Հավաստե՛ք Նոր Հայքը ներկայացնելու, նրա անունից խոսելու Ձեր պատրաստակամությունը։

ՀԱՅՔ -ում ներգրավվելու պայմանը մեկն է. Լինել անկախ ու Հայակենտրոն։

Բնական է և ցանկալի, որ գործելուն զուգընթաց անհրաժեշտություն առաջանա համատեղ ջանքերով ամբողջացնել գործունեության գաղափարական, իրավական, կառուցվածքային, կանոնադրական, ծրագրային հենքը…

Կարևորում ենք այս նախաձեռնությունը զորացնել ազգօգուտ կոնկրետ գործերով։

Ակնկալում ենք, որ իրենց ոլորտներում մեծագործությունների կոչված մեր հայրենակիցները կառաջադրեն թարմ գաղափարներ, կմիավորվեն առաջադրվող և արդեն իսկ իրականացվող գործնական ծրագրերի շուրջ, հանուն Միասնական հզոր ՀԱՅՔԻ

Յուրաքանչյուր հայ կրում է Երկիր Դրախտավայրի իր տեսիլը… Միավորենք մեր երազները, արթնանանք այս մղձավանջից իրական Հայրենիքում…

ՀԱՅՔԸ կա, գործում է, սպասում ձեր առաջարկներին և շահեկան մասնակցությանը։

  • Այս նախաձեռնությունը նաև իրական հայրենասիրության, օտարին չծառայելու որոշակի բացահայտիչ է
  • Հավաստի՛ր Հայրենիքին տեր կանգնելու քո հավատամքը

                               

      Համահայկական մտավորականության՝ «12 —ի ԽՈՐՀՈւՐԴ»