Շուշիին հարող հայկական դիրքերից դրոշների իջեցումը կարելի է մեկնաբանել որպես Ադրբեջանի կամակատարը լինելու արտահայտչամիջոց. Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյան

Երևի առաջին անգամն է, որ չեմ փորձում ճշտել լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, որ Շուշիին հարող դիրքերում, ադրբեջանցիների պահանջով, հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները։ Նմանատիպ բաներն արդեն ոչ անսպասելի են, ոչ էլ՝ նորություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ միաժամանակ հավելելով, որ մոտ երկու ամիս առաջ եղել է նշված դիրքերում, այդ ժամանակ դրոշներն առկա են եղել։

«Երևի վաղուց պետք է սովորած լինեինք չզարմանալ այդ տեսակ նորություններից։ Կոնկրետ այս դեպքը չեմ ճշտել, բայց եթե անգամ եղել է, առաջին անգամը չէ։ Շուշիին հարող հայկական դիրքերից դրոշների իջեցումը կարելի է մեկնաբանել որպես կամակատար լինելու արտահայտչամիջոց, որովհետև 44-օրյա պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն Ստեփանակերտում նախագահական նստավայրի շենքի վրայից Արցախի Հանրապետության դրոշն իջեցրել էին», — նշեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ երբ իրենք պահանջել են դրոշն իր տեղը վերադարձնել, Արցախի իշխանությունները մեկնաբանել են, որ դա արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Ասում էին, որ դրոշի ուղղությամբ են կրակում։ Բայց, իհարկե, այդպես չէր։ Մենք տեսնում  ենք, որ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց ի վեր, Արցախի նախագահներին ընդունել է առանց դրոշի։ Այսինքն՝ իր մոտ ևս սա ընկալվում է որպես կոմպլեքս՝ գլուխը կախելու, կամակատար լինելու։ Նա այդ կերպ ուզում է ցույց տալ, որ Արցախի նախագահն իր ենթական է։ Այլևս գաղնիք չէ, չէ՞, որ այդ մարդիկ իրար հետ համագործակցում են, և այն կողմից ինչ ասեն՝ ինքն անելու է», — ամփոփեց խոսքը Մետաքսե Հակոբյանը։

Հեղինակ՝ Անի Ղազարյան

Aysor.am