Վրաստանը հրաժարվել է մասնակցել Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակին

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին։ Նա արդեն իր երկրի դիրքորոշման մասին հայտնել է Բաքվին եւ Անկարային, որոնք տվյալ հարթակի նախաձեռնողներն են։

«Մենք չենք կարող մասնակցել Ռուսաստանի հետ աշխարհքաղաքական նախագծին»,-ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ հարեւան երկրների հետ հավասարակշռված հարաբերությունները Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերությունն են։ Նա նշել է, որ Թբիլիսին պայմաններ է ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության գոտում մարդասիրական բեռների անխոչընդոտ տեղափոխման համար։

«Տարածաշրջանում տեղի ունեցած էսկալացիայի պատճառով մենք հստակորեն հավասարակշռված քաղաքականություն ենք վարել հակամարտության նկատմամբ։ Անհապաղ արձագանք է եղել ռազմական բեռների տեղափոխմանը եւ տարանցիկ երթեւեկությանը։ Սա, ինչ-որ իմաստով, նպաստել է դեէսկալացիային։ Շատ կարեւոր էին նաեւ Վրաստանի ակտիվ շփումները երկու հարեւանների հետ»,- հավելել է Զալքալիանին։

Ավելի վաղ Զալքալիանին հայտարարել է նաեւ, որ երկրի ներկայացուցիչների համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել Ղարաբաղի հարցով «3+3» ձեւաչափին։ Միաժամանակ նա նշել է աշխարհաքաղաքական խոշոր նախագծերում պետությունը ներկայացնելու կարեւորությունը։

News.am