Հուլիսի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին հուլիսի 11-ին  նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը տոնի առիթով նշում է. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»»:

ARMENPRESS