Aravot.am. ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Նրանք մեզ հետ զրույցում հաստատեցին, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր: Մինչդեռ համայնքի ղեկավարներն ընտրված պաշտոնյաներ են. մարզպետն իրավունք չունի նրանց նման պահանջ ներկայացնել:

Aravot.am-ը Օթևան համայնքի ղեկավար Ջամալ Սալմոյանի հետ զրույցում փաստեց՝ համայնքի ղեկավարն ընտրված պաշտոնյա է, համայնքի բնակիչներն են նրան ընտրել և հարցին՝ ինչո՞ւ չպայքարեց իր իրավունքների համար և հրաժարականի դիմում ներկայացրեց, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Հրաժարականի դիմում եմ ներկայացրել ընտրություններից հետո: Միայն ես չեմ: Մեր եզդիական համայնքների չորս համայնքի ղեկավարներ արդեն դուրս են եկել: Ես արդեն դիմումը տվել են, գյուղում իրենք իրենց կողմից բերել, պաշտոնակատար են նշանակել: Ես ի՞նչ պայքարեի, արդեն Դուք պիտի դա անեք: Եթե ես միտք ունենայի դուրս գալու, ընտրություններից առաջ դուրս կգա: Եթե ընտրություններից հետո է եղել, ուրեմն պետք է հետևություններ անեք»:

Մեր հստակեցմանը՝ իրո՞ք մարզպետն իր հետ զրույց է ունեցել ու հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել, նա պատասխանեց. «Կանչել են: Ինչ ասեմ ես: Բոլոր համայնքի ղեկավարների մոտ էլ նույն վիճակն է»:

Հետաքրքրվեցինք՝ ՏԻՄ ընտրություններին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, Ջամալ Սալմոյանը պատասխանեց՝ այո: Դդմասար համայնքի ղեկավարի արդեն նախկին ժ/պ Գագո Օսեյանը ևս մեզ հետ զրույցում հայտնեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարի ժ/պ-ի պաշտոնից:

Մեզ հետ զրույցում նա ասաց. «Դիմումը տվել եմ ու պրծել եմ: Ի՞նչ անեմ»: Մեր փաստմանը՝  Դուք ընտրված պաշտոնյա եք, որևէ մեկն իրավունք չունի Ձեզ հրաժարականի դիմում գրել պարտադրել, Գագո Օսեյանն ասաց. «Իրավունք չունեն, ի՞նչ ասեմ: Ես դիմումը տվել ու ազատվել եմ, ի՞նչ անեմ: Չտա՞նք: Ընտրված եմ, հիմա էլ չեմ ուզում, ի՞նչ անեմ: Ընտրություններին կմասնակցեմ: Ես ժամանակավոր պաշտոնակատար էի: Մանրամասնելու ոչ մի բան չունեմ: Հրաժարականի դիմումը տվել եմ, քաշվել եմ մի կողմ: Ոչ մեկի անունն էլ չեմ շոշափում»:

Նա հայտնեց, որ համայնքում դեռ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել:

Համայնքի ղեկավարների՝ համատարած հրաժարականների պահանջի հետ կապված խնդրի վերաբերյալ Aravot.am-ը փորձել է  պարզաբանում ստանալ ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանից: Նա բանավոր պարզաբանում չտվեց, հորդորեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք սահմանված կարգով կպատասխանեն: Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պարզաբանումը:

News.am