SOS. Նիկոլ Փաշինյան` Պատրաստվեք քաղաքացիական վրեժի. Լինելու են քաղաքական վենդետաներ

Ես 2018-ին ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են եւ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այս ողջ ընթացքում կատարել են տրոյական  ձիու դերակատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում քարոզչության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը եւ մենք բոլոր տրոյական ձիերին դուրս կշպրտենք պետական կառավարման համակարգից:

Որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներիրենց վարչական լծակներն օգտագործելով տանում են հանրահավաքների: Ես հիմա հստակ ասում եմ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին սփորձում են ենթարկելհարկադրանքի: Այն հիմնարկների ղեկավարները, ինձ չի հետաքրքրում մասնավոր կլինի այդ հիմնարկը, թե հանրային կլինի, որոնք իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների: Խոսքը ֆիզիկական վենդատայի մասին չէ, քաղաքական եւ քաղաքացիականի մասին է: Այդ համայնքի ղեկավարները կարճ ասած, ռադ են լինելու, որովհետեւ լինելու են արտահերթ ընտրություններ:

Գնացեք ընտրական տեղամասեր, մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատե մանդատով ու դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով 3 տարի գործել են ժողովրդի դեմ:

Բոլորը հատ-հատ վզներից բռնած դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից: Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,-ասաց նա:

News.am