Ո՞ւմ վրա էր «կրակում» «Իսկանդեր»-ը

Ռազմական գործողությունների ավարտից գրեթե հինգ ամիս անց պարզ չէ, թե երբ, պարզ չէ, թե որտեղ եւ ում կողմից կրակած «Իսկանդեր»-ի մասին պատմությունն աստիճանաբար շանտաժի և ճնշման կանխամտածված փորձի հատկանիշներ է ստանում: Ադրբեջանի իշխանությունները, սթափվելով էյֆորիայից հետո, հասկացան, որ «Ղարաբաղը մերն է» կարգախոսն իրականությունից հեռու է նույնքան, որքան ուղու սկզբում, եթե ոչ ավելի հեռու, եւ բռնեցին գլուխները:

Հիշեցնենք, որ մարտի վերջին ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչը հայտարարել էր Շուշիի շրջանում 9M723 նույնականացման համարանիշով հրթիռային բեկորների հայտնաբերելու մասին: Գտածոյի աշխարհագրական կոորդինատներն էին՝ 39 ° 45’38.10 “N 46 ° 44’33.90” E եւ 39 ° 45’27.80 “N 46 ° 45’25.80” E: Ընդ որում, նրանք հավաստիացնում են Բաքվում, որ խոսքը «Մ», այլ ոչ թե «Է» մոդիֆիկացման մասին է, եւ  հեռուն գնացող եզրակացություններ են անում:

Այն հանգամանքը, որ հրթիռի բեկորները «հայտնաբերվել են» միայն մարտին, Բաքվում «բացատրվում է» նրանով, որ բեկորները եղել են ձյան տակ: Ձյունը հալվեց եւ բեկորներ հայտնաբերվեցին, առանց ամաչելու պնդում են Բաքվում:

Հետզհետե Բաքվում նախ շշուկով, կիսաձայն, իսկ վերջում բարձրաձայն սկսեցին վիճել, թե ով էր «կրակում», եւ սկսեցին որոշակի եզրահանգման գալ:

Ինչպես ասում է դասականը, եթե ներկայացման առաջին գործողության ընթացքում զենքը կախված է պատից, ապա վերջին գործողության մեջ այն անպայման պետք է կրակի: Փոխակերպելով Անտոն Պավլովիչ Չեխովի խոսքերը՝ կարելի է ասել, որ եթե գաղափար է հայտնվել, որ «Իսկանդեր»-ը կրակել է, պետք է «կրակող» հայտնվի: Եւ նա «գտնվեց»:

Ապրիլի 28-ին Բաքվում երկրորդ անգամ հակառուսական ակցիա էր անցկացվել: Առաջինը տեղի ունեցավ ապրիլի 9-ին եւ կազմակերպվել էր «Մուսավաթ» կուսակցության կողմից: Ակցիայի մասնակիցները «բողոքում էին» Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» հրթիռների օգտագործման դեմ եւ Ռուսաստանից բացատրություններ էին պահանջում: Նրանք նաեւ պահանջում էին, որպեսզի ռուս խաղաղապահները չխանգարեն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների տեղաշարժին: Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ էին՝ «Ռուսաստան՝ հեռու Ղարաբաղին», «ՂարաբաղնԱդրբեջանն է», «ԼաչիննԱդրբեջան է», «Իվան, գնա տուն» կարգախոսներով: Ոստիկանությունը չի միջամտել գործողության ընթացքին», հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ապրիլի 28-ի ակցիան իրականացվում էր «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության կողմից՝ կրկին Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Ակցիան նվիրված էր Ադրբեջանի Խորհրդայնացման հերթական տարելիցին: Այս անգամ մասնակիցները պահանջում էին «Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերումը»: Կազմակերպիչները ԶԼՄ-ներում տարածել են ակցիայի բանաձեւը, որում ասվում է, որ «Համաժողովրդական շարժումը ռուս զինվորականների տեղակայումը ոտնձգություն է համարում Ադրբեջանի ինքնիշխանության դեմ: Այս զինվորականները Ղարաբաղում չեն զբաղվում խաղաղապահությամբ, այլ անում են ինչ ուզում են: Այս ամենը հակասում է Ադրբեջանի շահերին»:

Որոշ փորձագետների կարծիքով՝ Թուրքիան է օգնել «Իսկանդեր»-ի բեկորների հայտնվելուն Շուշիի շրջանում: Այսինքն՝ Սիրիայում օգտագործված հրթիռի բեկորները պարզապես հասցվել են Ղարաբաղ: Հակառուսական ակցիաների եւ խաղաղապահ ուժերը դուրս բերելու պահանջների համար հիմք ստեղծելու ակնհայտ նպատակներով: Հորինված պատմությամբ «կրակելով» Ռուսաստանի հեղինակությանը՝ Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն ինչ-որ բանի հասնել սպառնալիքների եւ շանտաժի միջոցով:

News.am