ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել հստակ եւ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

106 ամերիկյան կոնգրեսականներ նախագահ Բայդենին կոչ են արել ապրիլի 24-ի իր առաջիկա հայտարարության մեջ հստակ եւ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին, նրա գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ստորագրել են նախագահ Բայդենին ուղղված այս երկկուսակցական կոչը՝ Ամերիկայի պատմության մեջ տաբուի ամենաերկար կանոնին վերջ դնելու համար»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում միանալով ԱՄՆ Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին՝ Սպիտակ տունը կարող է այս շաբաթ նշանավորել Անկարայի ժխտումներին Ամերիկայի մեղսակցության ամոթակի դարաշրջանի ավարտը»:

Բայդենին ուղղված իրենց նամակում ամերիկյան օրենսդիրները նշել են. «Մենք գիտենք, որ սա մի խնդիր է, որին դուք ծանոթ եք Սենատում եւ փոխնախագահի պաշտոնում աշխատելուց ի վեր: Մենք գնահատում ենք նաեւ, որ դուք, որպես փոխնախագահ, ներկա եք եղել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը 2015-ին»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ իր առաջադրման ընթացքում նախագահ Բայդենը խոստացել է, որ պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ահա թե ինչու ես միացա իմ շատ գործընկերների, որպեսզի համոզեմ նրան պահել այս խոստումը եւ դրանով ուղղել տասնամյակների սխալները: «Ցեղասպանություն» բառը մեծ նշանակություն ունի, քանի որ ցեղասպանությունը ոչ թե անցյալի, այլ այսօրվա խնդիր է: Եւ պատմելով ճշմարտությունը պատմության այս սարսափելի ժամանակաշրջանի մասին, հրաժարվելով լռություն պահպանելուց եւ այն անվանելով ցեղասպանություն՝ մենք կարող ենք երաշխավորել, որ Միացյալ Նահանգները այլեւս երբեք մեղսակից չի լինի»:

News.am