Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը. ՀՀ նախագահի նոր հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի որոշման մասին:

Հայտարարությունում ասվում է.

Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի եւ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական եւ հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական եւ ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաեւ հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:

Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ եւ Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարեւորություն ունի եւ բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը եւ հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու եւ վերջնական հանգուցալուծման հասնելու համար:

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը եւ կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

News.am