Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին Երեւանում՝ Բաղրամյան պողոտայում

«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպած հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Վաղը հանգստյան օր է։ Մենք քննարկեցինք շարժման ղեկավարների հետ, որ երեւի վաղը ոչ թե հանրահավաքի օր է, այլ այդ բեմը տրամադրենք մեր մտավորականներին, մշակույթի աշխատողներին, սա վաղը լինի ուրախության հրապարակ։

Նշենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ընդդիմադիրներն Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա եւ հայտարարել, որ շուրջօրյա ակցիա են իրականացնում այդտեղ:

Նրանք վրաններ ու վառարաններ են տեղադրել այնտեղ և երկու օր է, որ գիշերում են պողոտայում:

News.am

***

Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։ Այս մասին հայտնում են «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։

Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:

Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։

Նշենք, որ ընդդիմադիրները Բաղրամյան պողոտայում երեկ նույնպես հանրահավաք են արել, այնուհետեւ երթով շարժվել դեպի Հանրապետության նախագահի նստավայր։

News.am