Մարիա Զախարովան՝ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի Ռուսաստանի հասցեին սադրիչ հայտարարության և սպառնալիքների մասին. Յուրաքանչյուր բառը պետք է կշռադատել

Բոլոր հայտարարությունները, որ անում են հակամարտության (ղարաբաղյան – խմբ.) անմիջական կողմերը եւ ոչ տարածաշրջանային խաղացողները, պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին հասնելուն, հատկապես երկարաժամկետ խաղաղությանը եւ լիաչափ կարգավորմանը: Այս մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիեւի խոսքը՝ Ռուսաստանի հասցեին սադրիչ հայտարարության և սպառնալիքների այն մասին, որ «Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողությանը եւ Հայաստանի հետ միասին զգալի կորուստներ կկրի»:

«Յուրաքանչյուր հայտարարություն, որ արվում է, պետք է կշռադատվի հատկապես այն տեսակետից, թե ինչպիսի օգուտ կամ ինչպիսի վնաս կարող է ունենալ: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի կարեւորագույն, բարդագույն աշխատանք է կատարվել, որ ամեն դեպքում յուրաքանչյուր բառը պետք է կշռադատվի, պետք է ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչի համար է այն արտաբերվում: Այն ամենը, ինչը վերաբերում է հողի վրա եւ գործառնական պարտավորությունների կոնկրետ մանրամասներին, ապա այս բոլոր հարցերը կարող են եւ պետք է երկրների միջեւ լուծվեն աշխատանքային կարգով:

Մենք երկխոսություն ենք վարում եւ գոյություն ունեցող բոլոր խողովակներով կապ ենք պահպանում թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ: Բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այս հունում: Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հաստատվի երկարատեւ եւ հաստատուն խաղաղություն: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նաեւ հակամարտության կողմերն արձագանքեն այս նպատակներին»,- նշել է Զախարովան:

News.am