Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը պարունակում է հաշվի չառնված կետեր․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը պարունակում է հաշվի չառնված կետեր, որոնց պարզաբանումը, հավանաբար, կկատարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

Պետքարտուղարը նշեց, որ վերջին շաբաթներին հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս շփվել է վարչապետ Փաշինյանի հետ եւ կրկնել միջնորդների աշխատելու պատրաստակամության մասին։

«Մենք ուսումնասիրել ենք նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը։ Փաստ է, որ այնտեղ կան հաշվի չառնված կետեր, որոնք անհրաժեշտ է պարզաբանել։ Սա քաղաքական կողմն է։ Հավանաբար դա տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- նշեց Ժան-Բատիստ Լեմուանը։

Նա հայտնեց, որ նախօրեին հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ։ Այսօր իր ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ եւ այդ հարցերը քննարկել։