Թուրքագետի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը

Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները սիրիացիներով՝ իրեն հավատարիմ հասարակության շերտով բնակեցնելու մտադրությունը միանշանակ չի ընդունվի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից. Ռուսաստանը կամ այն թույլ չի տա ի սկզբանե, կամ հետագայում կդիմի հակաահաբեկչական քայլերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին միջազգային և տեղական մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ է տեղափոխում սիրիացիների:

VIDEO — ARM — Թուրքական զորքերի կուտակումը մեր սահմանին մեսիջ է ՌԴ-ին․ ցանկացած ագրեսիա ՀՀ դեմ ուղղված կլինի ՌԴ-ին

Թուրքագետը կարծում է , որ տարածվող լուրերը, եթե նույնիսկ չեն բխում իրական փաստերից, այնուամենայնիվ ունեն իրականություն դառնալու շատ լուրջ պոտենցիալ:

Մելքոնյանի կարծիքով հարցը պետք է դիտարկել երկու կարևոր հարթության վրա: «Առաջինն այն է, որ այս պատերազմում թուրքական ակնհայտ մասնակցությունը ենթադրելի էր դարձնում, որ պատերազմից հետո էլ Թուրքիան շարունակելու է իր ակտիվ ներկայացվածությունը պահպանել այս հարցում: Եվ բնական է, որ փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների շարքում անել որոշակի քայլեր: Եվ երկրորդը՝ մենք պետք է  հաշվի առնենք, որ դեմոգրաֆիկ քաղաքականությունը կամ դեմոգրաֆիկ ինժեներիան շատ կարևոր տեղ ունի Թուրքիայի քաղաքականության մեջ: Դա հենված է պետական ավանդույթի վրա, ունի դարերի պատմություն: Նվաճված տարածքներում Թուրքիան անպայմանորեն անմիջապես սկսում է իրականացնել հետագա սպառնալիքները չեզոքացնելու և թշնամի երկրների համար լրացուցիչ սպառնալիքներ ստեղծելու քաղաքականություն»,-ասաց թուրքագետը:

Նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունից առաջ Թուրքիան պատմական Հայաստանի տարբեր տարածքներում բնակեցրել էր մուսուլման տարբեր ազգերի, որոնք հետագայում դեր խաղացին Հայոց ցեղասպանության հարցում: Մելքոնյանը շեշտեց, որ  Թուրքիան, Սիրիայում ևս օկուպացնելով որոշ տարածքներ, բնակեցնում է իրեն հավատարիմ բնակչության շերտով, որոնց մեջ կարող են լինել թուրքերի հետ էթնիկ նմանություն ունեցող ազգեր, թուրքոմաններ, ծայրահեղական իսլամական հոսանքների ներկայացուցիչներ: Թուրքիան իր ողջ պատմության ընթացքում կիրառած ոճը այսօր  հաջողված կերպով կիրառել է Սիրիայի օկուպացված տարածքներում: Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիան այդ նույնը փորձում է անել նաև Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: «Իմ այս վերլուծությունը հիմնված է թուրքական դեմոգրաֆիկ քաղաքականության սկզբունքների վրա, իսկ այդ սկզբունքները թույլ են տալիս պնդել, որ Արցախի օկուպացված տարածքները Թուրքիային հավատարիմ հասարակական շերտով բնակեցնելը շատ իրատեսական է»,-նշեց նա:

Մելքոնյանը վստահ է, որ այդ հավատարիմ հասարակության մի շերտը հենց ահաբեկիչներն են լինելու՝ իրենց ընտանիքներով, որոնք ամեն պահի «խաղաղ բնակչից» կարող են վերածվել ծայրահեղ ահաբեկչի՝ ընդգրկվելով ռազմական կամ ահաբեկչական գործողություններում: «Այսինքն` Թուրքիան, այդ տարածքում այդ բնակչությանը հաստատելով, ըստ էության տեղակայում է բանակի մի յուրահատուկ ստորաբաժանում՝ ի դեմս ահաբեկիչների և նրանց ընտանիքների»,-ասաց թուրքագետը:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ այդ տարածքներում չեն ուզում բնակեցնել հենց ադրբեջանցիների, Մելքոնյանը պատասխանեց, որ հարցը պետք է դիտարկել Ադրբեջանում առաջիկայում սպասվող հասարակական տարբեր զարգացումների, անհանգստությունների, դժգոհությունների տիրույթում և հասկանալ՝ Ադրբեջանի այդքան թմբկահարած թեման, թե իբր փախստականներն ուզում են րոպե առաջ տեղափոխվել Աղդամ և այլ տարածքներ, արդյոք իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ ադրբեջանական հերթական քարոզչական միֆերից է:

Թուրքագետը նաև նկատեց, որ այդ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի այս մտադրությունները հակընդդեմ են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի, Ռուսաստանի շահերին:  «Հումանիստական մոտեցմամբ Ռուսաստանը չպետք է թույլ տա ահաբեկիչներին տեղափոխել այն տարածաշրջան, որն ավելի մոտ է իր պետության սահմաններին: Բայց, եթե հարցը նայում ենք քաղաքական, քաղաքագիտական հարթությունում, ապա այս տարածքում ահաբեկչական բնակչություն ունենալը հնարավորություն է տալու Ռուսաստանին ամեն պահի անել որոշակի քայլեր՝ հակաահաբեկչական պատերազմի դրոշի ներքո, թե այլ: Այնուամենայնիվ, դա Ռուսաստանի համար կլինի հիմնավոր պատրվակ՝ որոշակի քայլեր անելու համար»,-ասաց Մելքոնյանը:

Նա առաջարկեց սպասել զարգացումներին և հասկանալ, թե Ռուսաստանի մոտ որ գերակայությունը կլինի ավելի ազդեցիկ՝ հումանիստակա՞նը, որ ի սկզբանե կանխի ահաբեկիչների տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ, թե՞ այդ բնակչության տեղափոխումից հետո ավելի լուրջ հիմքեր ստեղծի՝ իր հակընդդեմ քայլերն անելու համար: Այսպիսով, թուրքագետը կարծում է, որ միանշանակ և Ռուսաստանը, և Իրանը այս քայլերը որևէ կերպ չեն կարող ընդունել, և ենթադրում է, որ կախված քաղաքական առաջնահերթություններից, կանեն որոշակի քայլեր կամ հիմա, կամ ընթացքում: «Այնուամենայնիվ, պետք է հստակ ընկալել, որ այս հարցը լինելու է ռուս-թուրքական կամ թուրք-իրանական բախման հանգուցային կետերից մեկը»,-եզրափակեց թուրքագետը:

Աննա Գրիգորյան

ARMENPRESS