Reuters. Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են առաջացել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ, գրում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը: Հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները հուշագիր էին ստորագրել համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկողություն կիրականացնի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: Միեւնույն ժամանակ, ռուս խաղաղապահները 23 դիտակետ են տեղակայել տարածաշրջանում:

Reuters-ի փոխանցմամբ` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սակայն Անկարան պնդում է մոնիտորինգի միասնական կենտրոնից անկախ սեփական դիտակետի ստեղծումը: «Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից: Սակայն դա սկզբունքային նշանակություն ունի Թուրքիայի համար»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցին թուրքական կողմից:

Աղբյուրը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, եւ Թուրքիան փոխզիջումային լուծման է ապավինում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թուրք խաղաղապահները կհետեւեն, թե ինչ է կատարվում բացառապես Ադրբեջանի տարածքում եւ չեն գնա Լեռնային Ղարաբաղ:

News.am