Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի ղեկավար Քրիստիան Կամբոնը կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ կապված Ղարաբաղի հետ

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ անքակտելի կապն այսօր դրսեւորվում է Սենատում միասնությամբ, եւ այն պետք է շարունակական բնույթ ունենա:

Այս մասին այսօր Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով քննարկումների ժամանակ հայտարարել է Սենատի միջազգային եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Քրիստիան Կամբոնը: «Ի՞նչ ենք արել մենք հայերին պաշտպանելու համար: Հայերի համար սուրբ տարածքներում հակամարտությունը կանխելու համար մենք ոչինչ չենք արել: Ի պատասխան սահմանափակվել ենք զսպվածության կոչերով: Թուրքիան Ադրբեջանի միջոցով առաջ տարավ իր շահերը, ինչպես դա անում է Մերձավոր Արեւելքում եւ Լիբիայում:

Մենք գիտեինք, որ Թուրքիան կանգ չի առնի: Սակայն ի՞նչ ենք արել մենք: Մենք պետք է տեսնեինք այդ ֆոնին Ռուսաստանի ուժը: Այդ ամեն ցույց տվեց, որ Եվրոպան իրական ուժ չէ, նա թույլ տվեց փոխել սահմանները, որոնք պետք է փոխվեին բանակցությունների ճանապարհով: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդամենը երկրորդ Աստանա է, որտեղ արտացոլված են առանց միջազգային իրավունքը հաշվի առնելու Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը»,-ասել է նա:

«Ֆրանսիան պետք է առավել ակտիվ ներգրավվի այդ գործընթացներում եւ փորձի դուրս բերել իսլամիստական ուժերին այդ տարածաշրջանից եւ թույլ չտա այնտեղ հիմնվել: Ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Անհրաժեշտ է մեծացնել Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ հակամարտությունը կարգավորելու համար: Պետք է ոչ միայն արտահայտել դիրքորոշումը, այլ նաեւ գործել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ»,-հավելել է Կամբոնը:

News.am