National Interest. ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար

Կոսովոյի ճանաչման դեպքում հիմքեր են դրվել վերականգնողական անջատման (սեցեսիայի) համար, որն ուղղակիորեն կապված է Արցախի դեպքի եւ Ադրբեջանի կողմից էքզիստենցիալ սպառնալիքի առաջ ինքնորոշման իրավունքի հետ, գրում է National Interest-ը:

Անցած կիրակի քարոզարշավի ընթացքում դիմելով իր աջակիցներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կովկասում հումանիտար ճգնաժամը լուծելու առնչությամբ իր հայտարարության մեջ հիշատակել է Կոսովոն:

«Այդպիսով, հնարավոր է, որ Թրամփն ակամա ընդունել է Հայաստանի դեմ Ադրբեջանի տասնամյակներով շարունակվող ագրեսիայի խնդրի լուծումը՝ Արցախի անկախության ճանաչումը»,-նշում է հոդվածագիր, ԱՄՆ Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության գծով տնօրեն Ալեքսանդր Գալիցկին:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածքային ամբողջականությունը համարվում է անձեռնմխելի, բացառությամբ որոշակի հանգամանքների, օրինակ, երբ պետությունը խախտում է պաշտպանվող խմբի հիմնական իրավունքները: Այդ սկզբունքը՝ սեցեսիայի իրավունքը, ամրագրված է միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերում, սակայն միայն Կոսովոյի անկախության հռչակումից եւ 2008-ին ճանաչումից հետո այդ տեսությունը կիրառվեց գործնականում:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ասել էր. «Կոսովոն չի կարող դիտարկվել որպես նախադեմ աշխարհում ցանկացած այլ իրավիճակի համար»:

Սակայն Ռայսի փորձը, այն է՝ ընդգծել Կոսովոյի իրավիճակի եզակիությունը, վերածվեց Արցախի դեպքում վերականգնողական անջատման չնախատեսված հիմքի եւ ինքնորոշման իրավունքի արտահայտման՝ ի դեմս Ադրբեջանի էքզիստենցիալ սպառնալիքի:

Կոսովոյի նման Արցախը դարձել է էթնիկ զտումների արշավի զոհ, որը փորձում է պահպանել իր սահմանները: Արցախը նաեւ վաստակել է իր ինքնիշխանությունը՝ անկախության հասնելով ժողովրդական հանրաքվեի եւ զարգացած կառավարման ինստիտուտների միջոցով, որոնք երեք տասնամյակ ապահովել են խաղաղություն եւ իշխանության ժողովրդավար փոխանցում:

Եվ, վերջապես, Ադրբեջանի կողմից ցեղասպանության սպառնալիքի ներքո, անկախությունը միակ միջոցն է, որը կարող է երաշխավորել Արցախի բնիկ հայ բնակչության գոյությունը:

Սակայն չնայած ինքնորոշման բարոյական հրամայականի անվիճելիությանը՝ քաղաքականացումը եւ աշխարհաքաղաքական դիրքորոշումը հաճախ խանգարում են դրա իրականացմանը»,-ասվում է հոդվածում:

News.am