Զատուլինը պարզաբանել է ղարաբաղյան հակամարտության համատեքստում «դեսանտային գործողության» մասին իր հայտարարությունը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պարզաբանել է ղարաբաղյան հակամարտության համատեքստում «դեսանտային գործողության» մասին իր հայտարարությունը:

«Հոկտեմբերի 21-ին НСН կայքում հրապարակվել է մի նյութ, որը տարածվել է տասնյակ կայքերում՝ «Պետական դումայում չեն բացառել դեսանտային գործողությունը Ղարաբաղում» վերնագրով՝ հղում անելով իմ արտահայտած կարծիքին: Թյուրիմացություններից խուսափելու համար նշեմ, որ NSN-ի թղթակցի հետ զրույցում ես մի քանի անգամ ընդգծեցի, որ, իմ կարծիքով, կարող է խոսք լինել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե Ղարաբաղի տարածքում, մեր ռազմական ներկայությունը ուժեղացնելու եւ դրա համար անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու մասին՝ Կովկասում ընդլայնվող պատերազմի պայմաններում, որում ավելի ու ավելի է ներգրավվում հարեւան Թուրքիան:

Շարունակում եմ աննորմալ համարել այն իրավիճակը, որի դեպքում Հայաստանի շուրջ օդային տարածքի փակման պատճառով Գյումրիում գտնվող մեր ռազմաբազան դառնում է Հայաստանի Հանրապետության շրջափակման պատանդը:

Ռուսաստանի Դաշնությունը նախագահ Վ.Վ. Պուտինի բերանով արդեն խոսել է այն մասին, որ Ռուսաստանը կատարել է եւ կկատարի իր դաշնակցային պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի նկատմամբ: Անշուշտ, մեր դաշնակցի անվտանգության ամրապնդման համար լրացուցիչ միջոցների դիմել-չդիմելը կարող է լինել նրա դիմումի արձագանքի հետեւանք, որը, որքան ես գիտեմ, չկա, ինչպես նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարի եւ ՊՆ որոշում։ Ինձ համար, որպես փորձագետի, պարզ է, որ իրավիճակի անբարենպաստ զարգացման պատճառով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդման նման միջոցը չի կարող բացառվել»,- նշել է Զատուլինը:

News.am