22.10.2020. ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել

22.10.2020. Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական եւ հարավային ուղղությունները։

«Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր եւ ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։ Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արեւմուտք, այնպես էլ դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ»,- նշեց նա։

News.am