VIDEO — Պուտինը կարող է զորք մտցնել Ադրբեջան։ Հիմքերը պատրաստ են

ՌԴ Դաղստանի Չիրագ գյուղում հայտնաբերել են արկի մետաղական մնացորդներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ գյուղն Ադրբեջանի սահմանից 40 կմ հեռավորության վրա է: Նշվում է նաև, որ մեկ շաբաթ առաջ գյուղացիները ձայներ են լսել, որոնք նման էին որոտի։ Վերջերս Ռուսաստանը փոխել է Դաղստանի ղեկավարին՝ այդ պաշտոնում նշանակելով հակաահաբեկչական պայքարի փորձով գեներալի:

Արցախի դեմ պատերազմին Թուրքիան ներգրավել է վարձկանների ու ահաբեկիչների Սիրիայից, Լիբիայից, Իրաքից։ Այս հանգամանքն արձանագրվել է ամբողջ աշխարհում, եւ Ադրբեջանն ըստ էության վերածվել է ահաբեկչական տարածքի։

Այս հանգամանքը հատկապես առարկայական արձագանք է ստացել Ռուսաստանի իշխամության ամենաբարձր մակարդակներում։ Այդ արձագանքներից հատկապես արժե ուշադրություն դարձնել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինի եւ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հայտարարությունները։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ահաբեկչական ստորաբաժանումների ներգրավվածության վերաբերյալ զեկույցը հրապարակվեց հոկտեմբերի 6-ին։ Այդ ծառայության ղեկավար Նարիշկինը հայտարարեց, թե «Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար նոր ցատկահարթակ դառնալ, որտեղից գրոհայինները կարող են ներթափանցել Ադրբեջանի ու Հայաստանի հարևան պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»։ Նարիշկինի զեկույցը հիմք հանդիսացավ ՌԴ ՕՏՈՒ կողմից դեպի Արցախ շարժվող ծայրահեղ իսլամիստական խմբավորումների հարված հասցնելու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:

Եւ եթե Նարիշկինի հայտարարությունը ենթադրում է ՌԴ գործողությունը ահաբեկիչների ելից երկրներում, ապա ՌԴ գլխավոր դատախազը խոսել է անմիջապես ԱՊՀ տարածքում խաղաղ բնակչության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մասին։

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի հանդեպ ՌԴ եւ ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղում, միեւնույն ժամանակ՝ Հայաստանի հարցում դրանք կատարվում են որակով։ Փոխարենը, Նարիշկինի եւ Կրասնովի բերած հիմնավորումները բավարար են հակաահաբեկչական գործողությունների համար Ադրբեջանում, որտեղից նրանք կարող են սպառնալ ՌԴ հարավային սահմաններին։

Ընդ որում, Ադրբեջանը կարող է հակաահաբեկչական գործողությունների թատերաբեմ դառնալ բոլոր շահագրգիռ կողմերի համար։

Lragir.am