ՀԱՊԿ-ն արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրում է Սիրիայից զինյալների հայտնվելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն դեռ դժվար է գնահատել այս տեղափոխման մասշտաբները: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա ինձ դժվար է դատել զինյալների` ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների եւ կազմակերպման մասին: Ըստ ամենայնի, այն կա, այնտեղ զինյալներ, վարձկաններ են հայտնվում: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է ներկայացնում կազմակերպության համար»,- ասել է Զասը` պատասխանելով համապատասխան հարցին:

News.am