Ադրբեջանական լկտիագույն շահարկումը. Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակման «հերքումն» ու չոր փաստերը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի վրա հոկտեմբերի 8-ին հասցվեց 2 հարված: Ցերեկային ռմբակոծությունից հետո, երբ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հասկացավ, որ իր կատարած հանցագործությունը քաղաքակրթության նկատմամբ ստանալու է միջազգային գնահատական` շտապեց հերքել որևէ առնչություն: Սակայն, ժամեր անց, հարվածները կրկնվեցին, ինչի արդյունքում, ցավոք, վիրավորում ստացան միջազգային լրագրողները, որոնք այնտեղ էին լուսաբանելու ադրբեջանական ոչնչով չհիմնավորված ատելության այս հանցագործությունը:

Ադրբեջանական կողմը փորձում էր մոլորության մեջ գցել աշխարհին` ասելով, որ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար չի թիրախավորվել:

Իհարկե, վերջին շրջանում ադրբեջանական պաշտոնյաների կողմից սուտը, կեղծիք, բացահայտ մանիպուլյացիան չի զարմացնում ոչ մեկին:

Հարկ ենք համարում այս սուտը բացահայտել, քանի որ այն քաղաքակրթության դեմ ոճիր է:

Փաստեր.

  1. Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն և հրապարակված փաստական տվյալները վկայում են ավերվածությունների մասին:

  1. Հարվածներից հետո`Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս հայտարարությամբ, իբր թե, չեն թիրախավորել և հարվածել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը: Հայտարարությունից հաշված րոպեներ անց կրկին հարված է հասցվում Սուրբ Ամենափրկչին:

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է, նրանք վիրահատվում են:

Արձագանքներ

  1. Պարգև Սրբազան. «Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները: Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է»:
  2. Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինըհայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից  սրբավայրերի ու պատմամշակութային ժառանգության թիրախավորումը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման»:
  3. Ռուս և սիրիացի լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի համար վաղուց կրոնական գունավորում է ստացել. « Դա շատ կարևոր եկեղեցի է ողջ հայության համար: Իհարկե, ես շատ ցավում եմ, որ այս հակամարտությունը սկսում է կրոնական գունավորում ստանալ: Ադրբեջանցիների կողմից այն վաղուց է նման գունավորում ստացել: Ես դա տեսնում եմ սոցիալական ցանցերում առկա հռետորաբանությամբ: Շատերն Ադրբեջանում սա ընկալում են, որպես իսլամի համար կռիվ»:

Ադրբեջանական լկտիագույն շահարկումը

Ադրբեջանցիների առաջին հայտարարության մեջ, փորձ էր արվում ակնարկել, թե եկեղեցում ենթադրաբար հարվածել է հենց հայկական զինուժը: Չխորանալով զավեշտի մանրամասների մեջ` փաստական անդրադարձ կատարենք.

1992 թվականին Շուշից ռմբակոծվում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Եվ ադրբեջանցիները իրենց զինապահեստը պահում էին հենց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում. Ստորև ներկայացնում ենք այդ տեսաձայնագրությունը, երբ ազատագրումից հետո Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հնչեց տերունական աղոթքը.

Կադրերում հստակ երևում է զինամթերքի արկղերը: Նրանց նպատակը ռումբերը եկեղեցում պահելու այն էր, որ գիտեն`հայերը երբեք ու երբեք չեն կրակի կամ չեն հարվածի իրենց եկեղեցուն` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին, իրենց համար ամենաապահով տեղ հենց եկեղեցին է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյան ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 8-ին կատարած հարվածները որակեց գազանությունը:

«Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար Շուշիի խորհրդանիշն է, այն մեր հավատն է: Երբ 90-ականներին Շուշիից կրակում էին մեզ վրա, մենք միևնույնն է սիրով էինք նայում այդ քաղաքին: Սա գազանություն է, ինչ անում է հակառակորդը: Երբ խաղաղություն եղավ, մենք նորից այն կվերանորոգենք»,-ասաց Կոմանդոսը:

Եկեղեցական համալիրի մասին

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բացառիկ պատմական ու մշակութային նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Այն կառուցված 1868-1887 թթ: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է:

Ղազանչեցոց եկեղեցին կազմված է (1868—1887 թթ) և զանգակատնից (1858 թ): Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը: