Թյուրքական խորհուրդը քայլ է Մեծ Թուրանի ճանապարհին

Վերջին շրջանում Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունն իր արտահայտությունն է ունենում նաեւ միջազգային կազմակերպություններում։ Թուրքիայի ջանքերով 2009 թ․ ստեղծվեց Թյուրքական խորհուրդը կամ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, որը միավորում է ասիական ժամանակակից թյուրքական պետությունները։

Թյուրքական խորհրդի ստեղծման պաշտոնական համաձայնագրում ասվում է, որ այդ կազմակերպության նպատակը համատեղ ջանքերով տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդումն է, ինչպես նաեւ «ընդհանուր կառույցի շրջանակներում փոխգործակցությունը նպաստում է պետությունների ու նրանց ժողովուրդների բարիդրացիության, միասնության եւ համագործակցության ահռելի պոտենցիալի բացահայտմանը»։

Սակայն Թյուրքական խորհրդի ստեղծումը հետապնդում է այլ նպատակներ։ Թուրքիան, որը գերակայում է այդ կազմակերպությունում, տարածում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Նայելով քարտեզին, պարզ է դառնում, որ այդ ծրագրի ընդլայնման գլխավոր խոչընդոտը Վրաստանն ու Հայաստանն են։ Սակայն եթե ներկայում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է չեզոքացնել Վրաստանն այդ երկրում թյուրքական բնակչության թվաքանակի աստիճանաբար մեծացմամբ, ինչպես նաեւ տնտեսական ու քաղաքական լծակներով, ապա Հայաստանի դեպքում այն անզոր է, այդ պատճառով Հայաստանի դեմ փորձում է ձեռնարկել ռազմա-քաղաքական քայլեր։

Անկարան, օգտագործելով քաղաքական, տնտեսական ու մշակութային լծակները, փորձում է իրականացնել ասիական թյուրքալեզու ժողովուրդների մեղմ ասիմիլյացիա, ձգտելով միավորել նրանց, ինչպես նաեւ ներգրավելով այլ երկրներից դիտորդների՝ իրականություն դարձնել Մեծ Թուրանի երազանքը։ Այդ ճանապարհին քայլերից մեկը Թյուրքական խորհրդի ստեղծումն է։

Սակայն անհրաժեշտ է հասկանալ Մեծ Թուրանի նախագծից այդ երկրներին սպառնացող վտանգը․ եթե այն կյանքի կոչվի, Ասիայի թյուրքական երկրներն ընդմիշտ կկորցնեն իրենց պետականությունը եւ կարող են անհետանալ քարտեզից թյուրքական կիսալուսնի դրոշի ներքո։
Lragir.am