Վատիկանը թողարկել է նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին

Վատիկանը թողարկել է նամականիշ, որը նվիրված է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:

«Հունիսի 24-ին լրանում է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։ Այսօր էլ, հիրավի, միջազգային ընդգրկում ունեցող այդ անմոռանալի իրադարձության արձագանքները շարունակվում են։ Հետաքրքրական է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը 2020 թվականը հայտարարել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի», ու այդ նախաձեռնությանն է միացել նաև Վատիկանը՝ թողարկելով նամականիշ, որի վրա պատկերված է, թե ինչպես Հայաստան այցելության ընթացքում Ն․Ս․ ֆրանցիսկոս Պապը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան Տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ վերահաստատելով, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Անցյալում ևս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել Հայաստան պատմական այդ այցելության թեման։ Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս:

Հռոմի Պապը 2016 թվականի հունիսի 24-ին ժամանել էր Հայաստան: Հռոմի Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ մասնակցել է Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ինչպես նաև ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ: Սրբազան քահանայապետը եղել է նաև Գյումրում, որտեղ անցկացվել է պատարագ Վարդանանց հրապարակում: Նույն օրը Երևանում `Հանրապետության հրապարակում, խաղաղության համար հնչել է միջեկեցեղական աղոթք: Այդ հանդիսավոր արարողությանը հնարավորություն  է ունեցել մասնակցելու 50-60 հազար մարդ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ