ՀՌՉԱԿԱԳԻՐ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորման մասին — 24 մայիսի, 2013 թ.


ՀՌՉԱԿԱԳԻՐ

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 

(Խորհրդարանի) ձևավորման մասին

 

Հարգելի՛ հայրենակիցներ

 Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող հատուկ հանձնաժողովը, ստանձնելով Արևմտյան Հայաստանի պետական համակարգերի կազմավորման ու ստեղծման, հայերի գոյության ու ինքնության պահպանման, Արևմտյան Հայաստանի տնտեսության վերականգնման ու վերաշինության պատասխանատվությունը,

Հայտարարում են`

  • Ստեղծել Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան), որն իրականացնելու է հայության ուժերի համախմբումը:
  • Հենքային համարել Հայկական հարցի՝ Հայոց պահանջատիրության լուծման խնդրում ազգային միասնությունը և հայոց անժամանցելի իրավունքը:
  • Ընդունել մեկ բանաձև. հայ ժողովուրդը պետք է ապրի ինքնաբավ, իսկ ապագայում մեկ միասնական և անկախ Հայոց պետության կազմում:

Առաջնորդվում են՝

ա) Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի պաշտոնական հայտարարությամբ (ընդունված՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին) և «Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագրով (ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին):

բ) Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ստեղծման (ընդունված՝ 2011 թվականի փետրվարի 4-ին) և Արևմտյան Հայաստանի պետական համակարգի մասին որոշումներով (ընդունված՝ 2011 թվականի մարտի 2-ին):

գ) 2012 թվականի նոյեմբերի 30-ի Արևմտյան Հայաստանի հայերի՝ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորելու մասին 5-րդ վեհաժողովի որոշմամբ:

Հռչակում են, որ՝

Նկատի առնելով այն փաստը, որ հակառակ մարդկային բարոյականության և ցանկացած իրավունքի՝ ճանաչելու Հայոց իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ, Թուրքիայի իրարհաջորդ կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական և քեմալական, 1894-1923 թթ. իրականացրել են Հայերի ցեղասպանություն և բռնագաղթ, որի միջոցով աննախադեպ փոփոխել են ազգագրական պատկերը տարածաշրջանում, իսկ հետևանքում կրճատելով հայերի թիվը բռնազավթված տարածքներում, որպես «հավելավճար» իրենց հանցագործությունների՝ խախտել են ազգությունների միջև բնականոն հարաբերակցությունը՝ Արևմտյան Հայաստանում, և

նկատի առնելով վերոհիշյալ ողջ իրողությունը հռչակում են, որ՝

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) իրավասությունը տարածվում է ինչպես Արևմտյան Հայաստան պետության քաղաքացիների, այնպես էլ Արևմտյան Հայաստանի բռնագրավված երկրամասի՝ Արևմտյան Հայաստանի իրավական (de jure) և փաստական (de facto) տարածքների վրա՝ նկատի ունենալով

ա) Հայաստան — Թուրքիա սահմանազատումը` համաձայն ԱՄՆ-ի 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.):

բ) Պատմական Հայաստանի, այդ թվում` Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի անկախությունը՝ համաձայն ՄԱԿ-ի՝ «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անհապաղ անկախություն տրամադրելու մասին» հռչակագրի (14 դեկտեմբերի, 1960 թ.):

գ) Որպես բնիկ ժողովուրդ՝ Արևմտյան Հայաստանի հայերի ունեցած պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժամկետ և անժխտելի իրավունքները՝ համաձայն ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի (13 սեպտեմբերի, 2007 թ.):

Վերոհիշյալ իրավասությունը տարածվում է Արևմտյան Հայաստանի հետևյալ նահանգների և տարածքների վրա՝

  1. Վան,
  2. Բիթլիս,
  3. Էրզրում (Կարին),
  4. Տրապիզոն (Համշեն),
  5. Սիվաս (Սեբաստիա),
  6. Դիարբեքիր (Տիգրանակերտ),
  7. Խարփութ (Խարբերդ),
  8. Կիլիկիա (այդ թվում՝ Կեսարիա, Մարաշ, Ադանա, Զեյթուն, Այնթափ, Անտիոք),
  9. Կարս (և Սուրմալու),
  10. Ջավախք,
  11. Նախիջևան:

Առաջնորդվելով վերը նշված փաստաթղթերով և դրույթներով՝ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող հատուկ հանձնաժողովը

Հայտարարում են, որ՝

ստեղծվում է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը լիազորված է կազմակերպելու և անցկացնելու ընտրական ողջ գործընթացը:

(Տե՛ս Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձևավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ http:www.western-armenia-election.org):

Քաղաքացիների գրանցումը

Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ են բոլոր այն անձինք, ովքեր կարող են հիմնավորել թե՛ իրենց տարագրյալ լինելը Հայրենիքից (Արևմտյան Հայաստանից), թե՛ իրենց ծագումը՝ նույնիսկ մի քանի սերունդ վաղեմությամբ (ուղիղ ժառանգական կապով):

 1) Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արևմտյան Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների և միությունների գրանցման գործընթացն իրականացվում է՝ 2013 թ. մայիսի 24-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

2) Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արևմտյան Հայաստանի քաղաքացիները գրանցվում են հետևյալ կայքում՝

http://www.western-armenia-election.org/votes/Enregistrement2013-fr-arm.php

Թեկնածուների գրանցումը

1) 2013 թ. հունիսի 1-ից սկսվում է Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուի կողմից իրականացվող ստորագրահավաքը՝ հատուկ հաստատված ձևաթղթերի միջոցով:

2) Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) բաղկացած է Արևմտյան Հայաստանի քաղաքացիներից: Արևմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալը պարտադիր է պատգամավորության թեկնածուի համար:

3) Թեկնածուների գրանցումն իրականացվում է 2013 թ. հոկտեմբերի 1-ից ժամը 08:00, մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 24:00:

4) Ընտրություններն անցկացվում են 2013 թ. նոյեմբերի 22-ից ժամը 08:00, մինչև դեկտեմբերի 1-ը՝ ժամը 00:00 (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի միջոցով կամ գրավոր):

5) Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում և հրապարակվում են 2013 թ. դեկտեմբերի 17-ին:

6) Առաջադրվելու համար թեկնածուն պետք է ներկայացնի Արևմտյան Հայաստանի քաղաքացիների նվազագույնը 100 ստորագրություն:

7) Թեկնածուն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն և գործունեության համառոտ ծրագիր:

8) Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուները գրանցվում են հետևյալ կայքում՝

http://www.western-armenia-election.org/votes/Candidature2013-fr-arm-en-ru.php

http://www.western-armenia-election.org/Consultation-Electorale/2013/Teqnadzouneri_timoume-2013.pdf

http://www.western-armenia-election.org/Consultation-Electorale/2013/Requete_de_candidature-2013.pdf

Հաստատում են, որ՝

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուները, որոնք պաշտոնապես ընդունում են Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի և Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության Հռչակագիրը և հիմնադիր փաստաթղթերը, կարող են ինքնաառաջադրվել և կամ ներկայացվել հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների և միությունների, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի ու Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կողմից:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորման հիմնական մեխանիզմները, այդ թվում՝ կանոնակարգի նախագիծը, որով հաստատվում է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին նստաշրջանի գումարման ժամկետը, պատգամավորների քանակը, հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների և միությունների ներգրավման օրինակարգը՝ հաստատված Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից:

Կոչ են անում համայն հայությանը՝

պաշտպանելու ու հաստատելու իր անսակարկելի և անժամանցելի իրավունքները, որի կարևորագույն գործողություններից մեկը Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձևավորումն է, ակտիվորեն մասնակցելու այս ընտրություններին՝ Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու և դրա ընձեռած բացառիկ հնարավորության շրջանակներում:

Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ — Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ`

Տիգրան ՓԱՇԱԲԵԶՅԱՆ — Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ՝

Արմեն ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ — րևմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարանձևավորող հատուկ հանձնաժողովի նախագահ

Փարիզ, Ֆրանսիա,

24 մայիսի, 2013 թ.