Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Շուշիի ջարդերի օրինակով

1918-1920 թթ․ Արցախի թեմը, գտնվելով երկրամասում տեղի ունեցող գործընթացների կենտրոնում, մեծ ներդրում ուներ Արցախի կրթական, մշակութային և քաղաքական կյանքում:

Մինչ Առաջին աշխարհամարտը թեմի նախաձեռնությամբ Արցախում գործում էր 68 ծխական դպրոց, որոնցից 8-ը՝ Շուշի քաղաքում, 60-ը՝ գյուղերում, ինչպես նաև 27 պետական տարրական դպրոց։ Պատերազմի և հաջորդող ծանր տարիներին դպոցներից շատերը փակվեցին։ Թեմի ջանքերով 1918 թվին Շուշիում վերաբացվել էին Արցախի Թեմական, Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցները և շարունակում էին գործել գյուղերի որոշ ծխական դպրոցներ։ Արցախի թեմի հովանավորությամբ միայն Շուշիում գործում էին Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ, Կանաչ-ժամ, Ագուլեցոց, Մեղրեցոց և Կուսանաց եկեղեցիները (Շ. Մկրտչյան, Արցախի գանձերը):

Ղարաբաղի թեմի առաջնորդը Վահան եպիսկոպոսն էր, որը Եղիշե Իշխանյանի (1917 թ.-ի վերջից մինչև 1919 թ. հուլիս Ղարաբաղի վարչական ինքնակառավարման մարմնի ղեկավարներից) բնորոշմամբ համեստ մարդ էր, վայելում էր ժողովրդի հարգանքը և չկար որևէ բանագավառ, որտեղ նրա կարիքը չզգացվեր (Ե. Իշխանեան, Լեռնային Ղարաբաղ 1917-1920):

Արցախի թեմը, հատկապես Վահան Եպիսկոպոսը, մեծ ջանքեր էր գործադրել հայերի կոտորածները կանխելու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Վահան եպիսկոպոսի գլխավորությամբ Առաջնորդարանը մասնակցել էր Ազգային խորհրդի համագումարներին և պատվիրակությունների կազմում մեկնել էր բանակցությունների ու հանդես եկել խաղաղության կոչերով։ Սակայն Ղարաբաղի թեմի ջանքերը հաջողություն չունեցան։ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիրը խաղաղ ճանապարով կարգավորելու մտադրություն ի սկզբանե չէր ունեցել։ Ադրբեջանա-թուրքական ուժերը մարտի 23-ին հարձակվում են Շուշիի հայկական քաղաքամասի վրա, հրդեհում այն և կոտորում տեղի բնակչությանը։ Կոտորածների արդյունքում մեծ կորուստ կրեցին նաև Շուշիի առաջնորդարանը և կրթական համալիրները:

Մարտի 23-26-ը տեղի ունեցած ջարդերի մասին բազում վկայությունների շարքում ուշագրավ է 1920 թ․ մայիսի 15-ին Շուշիի առաջնորդարանի անդամ քահանա Կարապետ Վարդապետյանցի և ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-ին ուղված զեկույցը, որից տեղեկանում ենք, որ քաղաքի 12-13 հազար հայերից վեց հազարը փախել են գյուղերը, 4000 հոգին՝ մեծ մասը տղամարդիկ՝ սրի քաշվել, գնդակահարվել ու հրկիզվել և մոտ 3000 հոգի գերի մնացել թուրքերի ձեռքում, որոնց մի մասը՝ 400 երիտասարդներ սպանվել են տներում և բանտերում, 700 հոգի կին, երեխա և ծերեր ազատ էին արձակվել և հասել գյուղերը, իսկ մնացած գեղեցիկ կանայք և աղջիկներ տարվել էին թուրքերի տները, պահվել նահագապետ Սուլթանովի մոտ և բանտերում։ Մոտ 400 գեղեցկուհիներից կազմվել էր առանձին կանանոց, որտեղից «բաժին էին հանել սպաներին և զինվորներին»։

Թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսի մասին նույն զեկույցում հաղորդվում է, որ նա սպանվել է առաջնորդարանում, չցանկանալով լքել այն և ցանկանալով մինչև վերջ մնալ ժողովրդի կողքին։ Առաջնորդարանը, թեմական դպրոցը, եկեղեցիները թալանվել էին և այրվել: Հնարավորություն չեր եղել կոնսիստորիայից և եկեղեցուց որևէ փաստաթուղթ, գործ ու գանձ ազատելու:

Նամակում նշվում է, որ Առաջնորդարանի կազմից սպանվել են Խորեն քահանա Իսկանդարյանը, կարգապահ Անանիա Տեր-Դանիելյանը և դիվանապահ Հովհաննես Ղալաբեկյանը: Քահանաներից սպանվել է Հարություն քահանա Վարդապետյանը, իսկ Գարեգին քահանա Հովհաննիսյանն ազատվել է բանտից կիսամեռ դրության մեջ և միանգամայն մերկ: Սպանվել են նաև Թեմական դպրոցի տեսուչ Ալեքսանդր Ծատուրյանը, ուսուցիչ Գաբրիել Ղուլիքևխայանը, հոգաբարձու Անդրեաս բեկ Տեր-Հարությունյանը, Ղուկասյան ուսումնարանի տեսուչ բժիշկ Նիկողայոս Յարամիշյանը և այլն (ՀՀ Ազգային արխիվի ֆոնդից):

Ջարդարարները ներխուժել էին Առաջնորդարան, գլխատել Ղարաբաղի թեմի առաջնորդին, այնուհետև գլուխը հանել ցցի և շրջել քաղաքի թուքական թաղամասում՝ ի ցույց բոլորին՝ այդ քայլով ցանկանալով բորբոքել և «ոգևորել» նրանց (Зарэ Мелик-Шахназаров, Записки карабахского солдата):

Մուսավաթական Ադրբեջանի ձեռքով կործանվեց Շուշի քաղաքի մեծ մասը: Ավերվեցին, մոխրակույտերի վերածվեցին մոտ չորս հազար բարեկարգ, երկհարկանի տուն, տասնյակ մշակութային, վարչական շենքեր, այրվեցին ու թալանի ենթարկվեցին առաջնորդարանը և մյուս եկեղեցիները, հարուստ գրադարանները, տպարանները, ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հարյուրավոր խանութներ ու պահեստներ (Շ․ Մկրտչյան, Շուշիի պատմական հուշարձանները):

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ուղեգիծը սկզբնավորվել էր պետության ստեղծման առաջին իսկ օրերից՝ Բաքվում, երբ թուրք-թաթարական զորքերի կողմից կոտորվեց շուրջ 23 հազար հայ բնակիչ։ Այստեղ մեկնարկած ծրագիրը, շարունակվելով երկրի սահմաններից դուրս, կործանարար եղավ նաև Շուշիի հայ բնակչության և նրա ստեղծած արժեքների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո հայերի ֆիզիկական ոչնչացման թուրք-թաթարական ծրագիրը ժամանակավորապես դադարեցվեց, սակայն այն շարունակվեց դրսևորվել հայերի մշակութային ժառանգության հետքերի վերացման տեսքով:

Այսպես, 1960-1970-ականներին Արցախում «հողօգտագործման նպատակներով» ավերվել և հողին են հավասարեցվել 13 պատմահնագիտական հուշարձաններ: Շուշիում Ադրբեջանի ղեկավարության թողտվությամբ հիմնահատակ ոչնչացվեցին Մեղրեցոց, Ագուլեցոց, Կուսանաց վանք եկեղեցիները, ավելի ուշ նաև Ռուս-հունական եկեղեցին։ Պայթեցվել են Մեծ Թաղլարի Ծծախաչ և Ազոխի քարանձավները, Ամարասի և Կաղանկատույքի բնակավայրերի տարածքները: Մի քանի կամուրջներ, մատուռներ և բազմաթիվ խաչքարեր ոչնչացվել են Սարսանգի ջրամբարի կառուցման ժամանակ: Հայկական վանքերի ու եկեղեցիների սրբատաշ քարերն օգտագործվել են գյուղերում տների և նույնիսկ գոմերի պատերի կառուցման համար:

Հուշարձանների ավերումը մեծ չափերի է հասել նաև Արցախյան պատերազմի ժամանակ, երբ առիթը բաց չթողելով՝ եկեղեցիներն ու վանքերը դիտավորյալ պայթեցվել են, հրետակոծվել և ռմբակոծվել։

Հավատարիմ մնալով որդեգրած նպատակներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը Խորհրդային միույթան փլուզման տարիներին նոր թափով վերսկսեց հայերի կոտորածները։ Ջարդերն այս անգամ հայերի ջարդեր իրականցվեցին Սումգայիթում և Կիրովաբադում՝ 1988-ին, Բաքվում՝ 1990-ին, որոնց արդյունքում հայերը վերջնականապես լքեցին ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ բնակություն հաստատելով Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր երկրներում։ 1992-ին ադրբեջանական զորքերը կոտորեցին նաև Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի շուրջ հինգ տասնյակ բնակչի։ Մարաղան այժմ բռնազավթված է:

Մշակութային ցեղասպանության քաղաքականությունը նորանկախ Ադրբեջանը նույնպես շարունակեց, որի դրսևորման վառ օրինակն է Նախիջևանի տարածքում եկեղեցիների, խաչքարերի և հատկապես Ջուղայում հայկական հազարավոր խաչքարերի ոչնչացումը։

Հայրիկ Սուքիասյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ