Թուրքիայի ոչ մի ցանկություն չիրականացավ, իսկ Ռուսաստանը պարզապես ֆիքսեց իր բոլոր հաջողությունները․ Ալեքսանդր Խրամչիխինը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Տեղի ունեցած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ Ռուսաստանը ֆիքսել է այն բոլոր հաջողությունները, որոնց հասել էր սիրիական բանակը վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա իրականում Ռուսաստանի հաղթանակն է։

«Այլ հարց է, որ չհաջողվեց ազատագրել Իդլիբն ամբողջությամբ։ Սակայն այս փուլում դա քիչ հավանական էր։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է փուլերով։ Պարզապես որոշակի փուլեր են տեղի եղել, և Պուտին-Էրդողան հանդիպումն էլ ֆիքսեց դրա արդյունքները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև 6 ժամ տևած հանդիպում։ Պուտինը թուրք պաշտոնակից Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտնել էր, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:

Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ դժվարանում է ասել, թե ի սկզբանե ինչ խնդիրներ էին դրել իրենց առջև Ռուսաստանն ու Թուրքիան, քանի որ չէին ներկայացնում, թե իրականում ինչ են ցանկանում։ «Բայց եթե հաշվի առնենք նրանց հրապարակային հայտարարությունները, պետք է նկատենք, որ Թուրքիայի ոչ մի ցանկություն չի իրականացել, իսկ Ռուսաստանը պարզապես, կրկնեմ, ֆիքսեց իր բոլոր հաջողությունները»,- ասաց նա։

Նա չհամաձայնեց վերլուծությունների հետ, որ Թուրքիան բանակցություններից շահած դուրս եկավ։ Անգամ նկատեց, որ այն, որ ինքը կարող է հարձակվել սիրիական բանակի վրա, եթե սպառնալիք լինի, Թուրքիայի հայտարարությունն է։

«Պայմանավորվածություններում դա ոչ մի կերպ չի երևում։ Դա Էրդողանի հայտարարությունն է։ Ինչն է իր նպատակը, չգիտեմ։ Պետք է նկատել, որ Թուրքիան քսան անգամ հայտարարել է, որ սիրիական բանակը պետք է վերադառնա իր նախնական դիրքերին, սակայն նման բան այդպես էլ չի լինում»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկումներին, թե մոսկովյան պայմանավորվածությունները ժամանակավոր են, դրանք լրացնում են Սոչիի, Աստանայի պայմանավորվածություններին, Ալեքսանդր Խրամչիխինը նշեց․

«Դրանք իրականում ֆիքսում են նոր իրավիճակ, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունների արդյունքում, Սիրիան Ռուսաստանի օգնությամբ  աստիճանաբար ազատագրում է ավելի ու ավելի շատ տարածքներ և բոլոր այդ դեէսկալացիոն շրջանները, որոնք ֆիքսվել են 2018 թվականին, արդեն լիկվիդացվել են։ Մնացել է միայն Իդլիբի կեսից ավելի քիչ տարածք, որ ազատագրվի»,- ասաց նա։

Մի քանի ամսից, նրա կանխատեսմամբ, կլինի ևս մեկ նման փուլ, որի արդյունքում ևս որոշակի տարածքներ կազատագրվեն։ «Թուրքիան այլևս չի կարող վերականգնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում։ Անկասկած, Թուրքիան այն արդեն ամբողջությամբ կորցրել է։  Դրա համար էր Էրդողանը զայրույթից պայթում․ նա կորցրել է համարյա ամեն ինչ։ Նա հիմա էլ քիչ բան չկորցրեց»,- ասաց նա։

Ալեքսանդր Խրամչիխինը նաև չհամաձայնեց դիտարկումների հետ, որ Թուրքիան, այնուամենայնիվ, Ռուսաստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների հետ արդյունքում իր դեմքը պահեց։ «Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, որ սիրիական բանակը կվերադառնա իր նախնական դիրքին, և նա դրան կհասնի ուժով, եթե նրանք իրենց կամքով հետ չքաշվեն։ Ոչ մի նման բան տեղի չունեցավ։ Թե ի՞նչ դեմքի պահմանման մասին է խոսքը, չեմ կարող ասել»,- ասաց նա։

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև հանդիպմանը նախորդել  էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հանդիպումը։ Վերլուծություններին, թե այդ հանդիպման ժամանակ քննարկված ղարաբաղյան հիմնախնդիրը, կլինի նաև Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ռուսաստանցի փորձագետը լուրջ չվերաբերվեց։

«Ես դա բացառում եմ։ Ներկայումս նրանք Լեռնային Ղարաբաղի համար ժամանակ չունեն։ Կարծում եմ, որ հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր սիրիական հակամարտությանը»,- ասաց նա։

Խոսելով միջազգային այլ խաղացողների՝ սիրիական գործընթացներում ակտիվության մասին՝ վերլուծաբանը նկատեց՝ նրանք ձեռնպահ են մնում։ «Իրանն է Ռուսաստանի հետ աշխատում։ ՆԱՏՕ-ն, ինչպես ակնկալվում էր, հայտարարեց, որ չի պատրաստվում օժանդակել Թուրքիային։ Ուրիշ ոչ ոք ոչինչ չի անի։  Ես որևէ նախապայման չեմ տեսնում, որ այս առումով իրավիճակ կփոխվի»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Tert.am